Ստեղծվել է «վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա». այս տարի այն կնախագահի «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը
Հայաստանում թվով 19 վերգետնյա հեռարձակողների միավորմամբ ստեղծվել է «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»՝ ոլորտում եղած բազմաթիվ հարցերի քննարկման և լուծումներ փնտրելու նպատակով։
««Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիան» յուրահատուկ է իր ձևի մեջ, լրատվամիջոցների կամ վերգետնյա հեռարձակող լրատվամիջոցների արհմիության նման մի բան է։ Ասոցիացիայի նախագահությունն ամեն տարի փոփոխվելու է, յուրաքանչյուր տարի նախագահելու է մեկ լրատվամիջոց, առաջին տարին այդ պատիվն ընձեռվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի» նախագահ Դավիթ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ասոցիացիայի մասին շատ բան չի կարող ասել, քանի որ այն նոր ստեղծվող մարմին է, սակայն այդ կառույցի միջոցով զբաղվելու են վերգետնյա լրատվամիջոցների իրավունքների, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայկական արտադրողի՝ հեռուստառադիոընկերությունների միջազգային հեղինակային իրավունքների պաշտպանությամբ։
Նա նաև տեղեկացրեց, որ վերգետնյա հեռարձակողների շահերի պաշտպանության համար որոշակի նախաձեռնությամբ հանդես կգան նաև օրենսդրական դաշտում։
«Խորհրդարանում ներկայացվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքը, դրա վերաբերյալ մենք այսօր անձնական տեսակետներ ունենք, մեր ամբողջական կարծիքը կասենք, երբ մեր իրավաբաններն աշխատանքային հանձնախմբերում կքննարկեն այդ հարցերը»,- նշեց Դավիթ Հակոբյանը։
Նա նաև հավելեց, որ բաց են բոլորի հետ համագործակցության համար, նաև այն վերգետնյա հեռարձակողների համար, որոնք այս պահին ասոցիացիային չեն միացել։
«Շանթ» հեռուստաընկերության իրավաբան Սիմոն Ֆարմանյանի բնորոշմամբ՝ ասոցիացիան պետք է ստեղծեին ոչ թե այսօր, այլ 20-25 տարի առաջ, որպեսզի չկանգնեին բազմաթիվ խնդիրների առջև։
Ինչ վերաբերում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծին, Ս. Ֆարմանյանն արձանագրեց, որ մինչև օրինագիծ գրելը պետք է ֆիքսվեին ոլորտում առկա բոլոր խնդիրները և դրանք ներառվեին հայեցակարգում։
«Շահագրգիռ անձանց հետ քննարկում չի կազմակերպվել։ Փասստ է, որ այսօր այս համայնքը մտահոգված է, որ օրենքը մշակելիս իրենց խնդիրները հաշվի չեն առել։ Լավ կլիներ, որ այդ նախագիծը լավ ուսումնասիրվեր»,- ընդգծեց նա։
«Քիսս FM»-ի տնօրեն Ռուզան Շահինյանի խոսքով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը մշակել են հասարակական կազմակերպություններ, նշելով, որ այն քննարկել են ռադիոյի և հեռուստատեսության ներկայացուցիչների հետ։
«Նման բան չի եղել, կարծում եմ՝ առաջին հերթին պետք է քննարկվեր բոլորիս հետ։ Նշեմ, որ այդ օրինագիծը գրեթե ամբողջությամբ կրկնում է այժմյան գործող օրենքը, որը հնացած է և չի համապատասխանում 21-րդ դարի մեր խնդիրներին։ Մենք ունենք մեծ խնդիր, որը արտացոլված չէ, թե՛ գործող օրենքում, թե՛ նոր օրինագծում։ Ցավոք, այսօր ռադիոկայանները չունեն հզորություններ, մեզ մոտ, հատկապես՝ մարզերում, հստակ լսվում են օտարերկրյա ռադիոկայաններ։ Սա ոչ թե ԱԱԾ-ի, այլ մեր խնդիրն է, քանի որ թույլ չեն տալիս հզոր հեռարձակում կատարենք։ Կցանկանային, որ այս խնդիրը ևս ինչ-որ ձևով արտացոլվեր նախագծում»,- շեշտեց նա։
«Իմպուլս ՍՊԸ»- տնօրեն Դավիթ Խումարյանը դրական համարեց ոլորտի խաղացողների կոնսոլիդացիան, քանի որ վերգետնյա հեռարձակողների հետ կապված շատ խնդիրներ կան։
«Վերգետնյա հեռարձակողի առաջին մրցակիցը ցանցային հեռարձակողն է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է դաշտը հավասարեցնել, որպեսզի վերգետնյա և ցանցային հեռարձակողները հավասար պայմաններում խաղան»,- շեշտեց Դ.
Խումարյանը։
Զվարթ Խաչատրյան