Բաժիններ՝

Չեխիան պատրաստ է զարգացնել ՀՀ-ի հետ պաշտպանության բնագավառում համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Կոպեցկուն առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին համահունչ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն նաև պաշտպանության բնագավառում, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում: Ընդգծվել է, որ այս տարվա ապրիլին Երևանում երկու պետությունների պաշտպանության նախարարների կողմից ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո առկա է մեծ ներուժ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու համար:

Դեսպան Կոպեցկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր գանահատականի համար և վստահեցրել, որ չեխական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել համագործակցությունը՝ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս