«Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին». Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ և լարվածության նվազմամբ: Այս մասին Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին:
«Մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակ, թե ինչպես են վերջիններս միասին աշխատում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ: Երկրներ, որոնք միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարող են ունենալ անհամաձայնություններ, սակայն այս առանձին դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված, խստորեն համախմբված համագործակցության հետ, որը շատ լավ աշխատում է իրենց հստակ նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման և լարվածության նվազեցման մեջ:
Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը: Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության: Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ»,- նշել է Մնացականյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ի ցույց է դրել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում և առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին: