Վահե Էնֆիաջյանն ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ է մշակել
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի խորհրդարանին: Այս մասին Էնֆիաջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում անդառնալի հետևանքներով վիճակագրությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրա կանխարգելման լավագույն մեթոդը տուգանքների զգալի բարձրացումն է։ Օրինակ` ՌԴ-ում նմանօրինակ խախտումը նախատեսում է անհամեմատ ավելի մեծ տուգանք, իսկ կրկնվելու դեպքում՝ վարորդական իրավունքի 4 ամսից մինչև 1 տարի զրկում»,- գրել է Էնֆիաջյանը:
Վահե Էնֆիաջյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում աճել են թե ճանապարհատրանսպորտային պատահարների, թե զոհերի և թե վնասվածքներ ստացած անձանց թվերը:
«2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում տեղի է ունեցել 1362 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 114 մարդ, իսկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1976-ը, այս տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 1663 պատահար, զոհվել է 122 մարդ, իսկ վնասվածքներ ստացել 2413-ը: Այսինքն՝ աճել է թե պատահարների, թե զոհերի և թե վնասվածքներ ստացած անձանց թիվը: Դիտարկումները ցույց են տալիս, որ զոհերի եւ վնասվածքներ ստացած անձանց թիվը հատկապես շատ է լինում, երբ պատահարը տեղի է ունենում տրանսպորտային միջոցների հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետեւանքով: Նման մի քանի ողբերգական դեպքեր տեղի են ունեցել վերջին ժամանակահատվածում, որոնց հետեւանքով ունեցանք տասից ավելի զոհ եւ տուժածներ: Այսպիսով՝ 2017 թ.-ին ներմուծվել է 35.000 մեքենա, 2018 թ.-ին 67.000 մեքենա, 2019 թ.-ի միայն առաջին կիսամյակին արդեն շուրջ 70.000 մեքենա։ Անկասկած նման աճը հանգեցնելու էր պատահարների թվի աճին, ինչի մասին ցավոք հաճախ ենք տեղեկանում։ Իրավիճակի դեմ հարկավոր է պայքարել և համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել»,- նշել է նա:
ԱԺ փոխնախագահը հավելել է, որ հանդիպակաց երթևեկելի գոտով դիտավորյալ վարելու ժամանակ տուգանքի զգալի բարձրացումը, սոցիալական նման պայմաններում՝ զսպող մեխանիզմ է հանդիսանում։
«Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունն աշնանը խորհրդարանում կներկայացնեմ և բազմակողմանի քննարկումների արդյունքում, հուսով եմ միասնական ճիշտ լուծում գտնելով, կպայքարենք երթևեկության կանոնների ամենավտանգավոր խախտումներից մեկի դեմ, որը միանշանակ կանխարգելիչ դեր ունի»,- գրել է Վահե Էնֆիաջյանը: