«Իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի այդ սպառնալիքները՝ մորթել, այրել, վտարել և ինկվիզիցիայի տարբեր մեթոդներ կիրառել իմ հանդեպ, բայց որևէ արձագանք ոստիկանության կողմից չեղավ». Նաիրա Զոհրաբյան

Փորձագետները, քաղաքագետները, քաղաքական գործիչներն այսօր «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադարձան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում առկա ատելության խոսքին, բռնության կոչերին:

Փորձագետ Սերգեյ Չամանյանը տեղեկացրեց, որ քննարկմանը ներկա են հրավիրված քաղաքական գործիչների ու մեդիաներկայացուցիչների մի մասը միայն. «Շատ ուզում էինք, որ ներկա լիներ նաև պատգամավոր Արմեն Խաչատրյանը, քանի որ նրա նախաձեռնությունը՝ ընդդեմ պետական գործիչների վիրավորանքի, մեզ շատ հետաքրքիր էր` որպես նախադեպ, բայց մեկ-երկու շփումից հետո, ուղղակի կապն անջատվեց, ու ինքը չուզեց մեզ հետ համագործակցություն ունենալ: Նույն ձևով եղավ որոշ կուսակցությունների ու կառավարության տակ գտնվող մեդիաների հետ շփումը, որ մեզ ասացին, որ մենք չենք կարող լուսաբանել, քանի որ դաբրոն չենք ստացել»:

Ատելության խոսքին, բռնությանն անդրադառնալով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խնդիրն արդիական է ոչ միայն Հայաստանի համար, այլև Եվրոպայի, սակայն նա չունի հարցի պատասխանը, թե ինչպե՞ս պետք է այն օրենսդրորեն կարգավորել: ԱԺ պատգամավորը հիշեց նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրեն ուղղված ատելության խոսքը, հայհոյանքները. «Եզակի քաղաքական գործիչներից եմ, ով իր մաշկի վրա է զգացել այդ ատելության խոսքը:

Իհարկե, եթե ոմանց խնդիրն այն է, որ ինձ փորձում էին կոտրել, ես էդ տեսակը չեմ. հայտնի խոսք կա՝ ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի է ուժեղացնում»:

Ն. Զոհրաբյանը նաև հիշատակեց միջազգային մի քանի օրինակներ, որտեղ ատելության խոսքը քրեորեն պատժելի է, ապա անդրադառնալով, մասնավորապես, Գերմանիայի օրինակին՝ ասաց. «Եթե մենք հիմա գնանք Գերմանիայի ճանապարհով, Եվրոպական միության լոկոմոտիվ երկրի ճանապարհով, և քրեականացնենք ատելության խոսքը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ կբարձրանա, թե՝ Հայաստանում ճնշում են ազատ խոսքը, և գուցե ես էլ միանամ այդ աղմուկ բարձրացնողներին, որովհետև ինձ համար ազատ խոսքը բացարձակ արժեք է»:

Նա հավելեց, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում դեռևս չեն կարողացել գտնել «այն նուրբ սահմանը», որը չի սահմանափակի երկրում խոսքի ազատությունը, սակայն որը միաժամանակ երկրում կկանխարգելի ատելության հոսքը:

Ատելության դրսևորման վերջին դրվագներին պատգամավորը հանդիպել է Ստամբուլյան Կոնվենցիայի շուրջ դիտարկումներից հետո: Նրան ուղղել են անգամ վառելու կոչեր.

«Եթե օրենքը գործեր Հայաստանում, ապա այն քաղաքացին, որը կոչ էր անում ինձ այրել խարույկի վրա Ժաննա Դարկի նման, կպատժվեր:

Ես ինքս չդիմեցի ոստիկանություն, բայց մեր ոստիկանությունը, որը շատ դեպքերում շատ օպերատիվ արձագանքում է շատ ավելի «լայթսոտ» սպառնալիքների և այլն, ինձ հետաքրքիր է՝ ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի այդ օգտատիրոջ սպառնալիքները՝ մորթել, այրել, վտարել և ինկվիզիցիայի տարբեր մեթոդներ կիրառել իմ հանդեպ, բայց որևէ արձագանք ոստիկանության կողմից չեղավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս