Հրավիրվել է ԲԴԽ նիստ՝ Խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով

Հուլիսի 18-ին հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նիստ՝ Խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է՝ որպես դատարան, ուստի նիստն անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար։

168.am-ի հետ զրույցում Գ. Բեքմեզյանը նշեց, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հիմքը գրված է հրավերի մեջ՝ բոլորը օրենքի տառին և հոդվածին հղում անելով։

«Խորհուրդը գործելու է՝ որպես դատարան, եթե ես հիմա ձեզ ավելին ասեմ, կստացվի, որ ես իմ անաչառությունն եմ վտանգի տակ դնում, այդ պատճառով ես ստիպված եմ հիմա լռել»,- ասաց Գ. Բեքմեզյանը։

Նիստի հրավերի մեջ, մասնավորապես, գրված է.

«ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից»:

Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

5) տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.

7) առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

Օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի կողմից»:

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի (այսուհետ՝ Աշխատակարգ) 116 կետի համաձայն. «Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման՝ Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիքմերի վերաբերյալ տեղեկությունն ստանալու դեպքում անհապաղ, սակայն ոչ ուշ, քան համապատասխան հիմքի մասին տեղեկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրվում է Խորհրդի նիստ։ Այդ ժամկետում Խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրելու դեպքում, Օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, այն հրավիրվում է Խորհրդի առնվազն երեք անդամի կողմից»։

ՀՀ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը թափուր տեղ առաջանալու պատճառով ԲԴԽ անդամ է ընտրվել 2018թ. նոյեմբերի 8-ին, ինչը՝ համաձայն Օրենքի 82 հոդվածի 4-րդ մասի, նշանակում է, որ Նախշուն Տավարացյանի ՀՀ ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելու օր է համարվում ընտրվելու օրը, այսինքն՝ 2018թ. նոյեմբերի 8-ը։

2019թ. ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԲԴԽ 2-ից ավելի նիստ, որոնցից Նախշուն Տավարացյանը մասնակցել է միայն 2019 թ. հուլիսի 15-ի նիստին, փաստացի առանց հարգելի պատճառի չմասնակցելով առնվազն երկու նիստի, որոնք տեղի են ունեցել 01.07.2019թ, և 10.07.2019 թ.-ին։

2019թ. հուլիսի 15-ի նիստում Նախշուն Տավարացյանը չի ներկայացրել որևէ հարգելի պատճառ թվով առնվազն 2 նիստերից բացակայելու համար։

Նախշուն Տավարացյանը իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել նաև իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։

Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ Խորհրդի 2019 թ. հուլիսի 15-ի նիստի ընթացքում պարզվել է, որ առկա են Օրենքի 86 հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերը Նախշուն Տավարացյանի, որպես ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման համար»։

Նշված է նաև, որ այս հիմքերի մասին հուլիսի 15-ին տեղեկացրել են ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին, որը, սակայն, հաջորդ օրը չի հրավիրել Խորհրդի նիստ, ուստի, ըստ օրենքի, այն հրավիրել են ԲԴԽ 3 անդամները՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Գրիգոր Բեքմեզյանը։

Հավելենք, որ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով  տեղեկությունը՝ ասել էր, որ, եթե իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո Նախշուն Տավարացյանը երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։ «Իսկ քաղաքական իշխանության պրեսինգը իշխանության ճյուղերի վրա փաստորեն շարունակվում է, և ակնհայտ է, որ դատական իշխանության շատ ներկայացուցիչներ այդ պրեսինգը սիրով ընդունել են և դարձել հլու-հնազանդ ծառա։ Նախշուն Տավարացյանն այդ կերպ կդառնա գործիք, իսկ դատական իշխանությունը կամլանա»,- եզրափակել էր Արփինե Հովհաննիսյանը: Այլ գրառմամբ Ա. Հովհաննիսյանը  Տավարացյանի մասին ասել էր՝ «Դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը»։

 

Տեսանյութեր

Լրահոս