«Պղնձաձուլարանի աշխատակիցներն էլ վարկեր ունեն, բա իրենց ո՞վ պետք է աջակցի, որ փակեն դրանք». նախկին աշխատակիցների հույսը Թեղուտն է
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հուլիսի 9-ին հանդիպել է «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի և նախկին աշխատակիցների հետ՝ քննարկելու հուլիսի 1-ից գործազուրկ դարձած 200 աշխատակիցների հարցը:
«Գործազուրկների ցուցակ է կազմվելու, որպեսզի Թեղուտում աշխատանքի տեղավորեն, անգործ չմնանք: Երևի մի 60 հոգու անուն գրել են: Իսկ գործարանի հետ կապված ինչ-որ հեռանկարային հարցեր են քննարկում նախկինի նման, որը մեզ բերեց, հասցրեց կործանման: Ընկերությունը «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ կապված հարցեր ունի, ուզում է՝ կառավարությունն աջակցի, որ այդ հարցերը կարգավորեն: Գործարանի աշխատակիցներն էլ վարկեր ունեն, բա իրենց ո՞վ պետք է աջակցի, որ փակեն դրանք: Հիմա հույսներս Թեղուտում աշխատանքի տեղավորվելն է, այլ տարբերակ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներից Սամվելը:
«Պղնձաձուլարանի վերաբացման շուրջ բանակցությունները, կարելի է ասել, փակուղի են մտել, դրա համար մարզպետը գնացել էր Թեղուտ, տնօրենի հետ խոսել, որ ինչքան կարող են՝ մարդկանց այստեղից ներգրավեն աշխատանքի: 50 հոգու տվյալ են ուզել, ասել են, որ հնարավոր է՝ տեղավորեն աշխատանքի: «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարությունը բանկի հետ, այսպես ասած, «լեզու չի գտնում»: Ինչ վերաբերում է վարկերի խնդրին՝ պատգամավոր Արեն Մկրտչյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ է խոսել, փոխանցել է ավելի քան 10 բանկում ու վարկային կազմակերպությունում 152 վարկառու աշխատակցի 346 վարկերի ռեստրուկտուրիզացիայի (սառեցում, տոկոսի նվազեցում, ժամկետի երկարաձգում կամ այլ տարբերակ) մասով տվյալները: Հիմնականում աշխատանքը կորցրած մարդկանց խնդիրը կփորձեն առաջին հերթին լուծել»,- հավելեց նախկին աշխատակիցներից Վլադիմիրը:
Ինչ վերաբերում է սև մետաղից աղացագնդերի արտադրությանը, նախկին աշխատակիցներն ասացին, որ փոքր մասշտաբով է այս պահին աշխատում:
«Մոտ 50 հոգի է աշխատում: Մեկ հոգին 4-5 հոգու գործ է անում»,- ընդգծեցին նրանք:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն և մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը, իսկ երեկոյան դադարեցրել էին բողոքի ակցիան, ու մի քանի հոգի գնացել էր հանդիպելու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Գործարանի աշխատակիցները բողոքում էին, քանի որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից, ու, տնօրինության փոխանցմամբ, հնարավոր է՝ ևս այդքան մարդ կրկին կորցնի աշխատանքը:
Հավելենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման պահը հետաձգվել էր մինչև հունիսի 30-ը:
Նշենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:
Անի Կարապետյան