Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, և ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Սահմանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք հայտարարության տեսքով»,- ասաց Թովմասյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, և եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:

Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանը պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»:

«Հրայր Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է, թե՝ անդամ» հարցին ի պատասխան նա ասաց՝ ՍԴ նախագահ է:

Թովմասյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը: «…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ…»,-նշել էր Գրիգորյանը:

Սահմանադրական դատարանը իր հերթին հայտարարություն էր տարածել, նշելով, որ աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով:

Տեսանյութեր

Լրահոս