Արմեն Սարգսյանը հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 4-ին հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Խմբի անդամները նախագահին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հյուրերին տեղեկացրել է նախագահական մի շարք նախաձեռնությունների և արտերկրում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանում կարող են իրականություն դառնալ մի շարք խոշոր ծրագրեր։