Գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ին բանակի ներգրավվածության մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանից որևէ նորություն չկա, վերջին նորություններն ինչ հրապարակել են, ամեն ինչ դեռևս այդ փուլում է։
«Անհանգստացնող որևէ ազդակ այս պահին չունենք՝ պաշտոնական մակարդակով։ Ռուսաստանի գործընկերների հետ այդ ոլորտում համագործակցությունն ապահովում ենք»,- նշեց Արթուր Դավթյանը։
Անդրադառնալով փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը, որ Դատախազության շենքում մարտի 1-ին գործել է գաղտնի շտաբ, նկատեց՝ եթե լրագրողները ժամանակ ունենան, կարող են Դատախազության շենքում շրջել ու տեսնել, թե ինչ գաղտնիության մասին է խոսքը, հատկապես, որ շենքը չի փոխվել։
«Ինձ նման տեղեկություններ դեռևս հայտնի չեն, որ պահին ինձ այդպիսի տեղեկատվություն հայտնի դառնա, այն անձինք, որոնք դրսևորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն բոլորին հայտնիների շարքը»,- ասաց Արթուր Դավթյանը։
Հարցին՝ մարտի 1-ին Արցախից զինվորներ բերե՞լ են Երևան, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը հորդորեց սպասել, և հրապարակային դատավարության ընթացքում պարզ կդառնա, թե որտեղի՞ց ու ի՞նչ զորամիավորումներ են բերվել, և դրանք ի՞նչ դերակատարություն են ունեցել։
«Մեզ համար էական նշանակություն ունեցողն այդ մեղադրանքի համար հետևյալն է՝ բանակը ներգրավվել է, հիմա բանակ ասածն ամենալայն իմաստով ենք հասկանում՝ առանց կոնկրետ տեղակայման ու նշանակության»,- շեշտեց Արթուր Դավթյանը։
Հարցին, եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ժամանակ դատարանն առանց մեղադրող կողմին լսելու՝ հեռանար որոշում կայացնելու, Դատախազությունն ինչպե՞ս կվերաբերվեր այդ հանգամանքին, գլխավոր դատախազը պատասխանեց. «Եթե նույն վարքագծի արդյունքում կայացվեր, ի՞նչ տարբերություն՝ Դատախազության դե՞մ էր կայացվելու, թե՞ պաշտպանական կողմի»,- ընդգծեց գլխավոր դատախազը։
Նա նաև տեղեկացրեց, որ Դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն է ուղարկել Ռ. Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին, որն առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քննարկվի։
Նա նաև հավելեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանից չի հետաքրքրվել, թե ի՞նչ է եղել, որ իր նկատմամբ կարծիքը կտրուկ փոխել է։
Ինչ վերաբերում է իր և Տիգրան Ավինյանի հարաբերություններին և շրջանառվող լուրերին, որ նրա շնորհիվ է շարունակում մնալ պաշտոնին, գլխավոր դատախազն ասաց, որ կարող է բազում մարդկանց հետ մտերմիկ հարաբերություններ ունենալ, սակայն պաշտոնից դուրս, իսկ պաշտոնական գործունեության մեջ մտերիմներ չկան։
Զվարթ Խաչատրյան