Բաժիններ՝

Ամալյա Պապյան. «Երբ ասում են վարդագույն ակնոցներ, գիտեմ, թե դա ինչ է…»

Երբ ես ծնվեցի…

-Երբ ես ծնվեցի կյանքն ու աշխարհը մի փոքր ավելի հետաքրքիր և գունեղ դարձավ ծնողներիս համար (ժպտում է): Երբ ծնվեցի մարդիկ նույնն էին, այնպիսին ինչպիսին այսօր, նվիրյալի կողքին շահամոլն էր կանգնած, տգետի կողքին՝ բարեկիրթ, համեստի կողքին՝ անկուշտը։ Բոլոր ժամանակներում եղել, կան և լինելու են ամեն տեսակ մարդիկ, այլ հարց է թե տվյալ ժամանակահատվածում ինչպիսի՞ արժեքային համակարգ է դավանվում։ Երբ ես ծնվեցի արժեքային համակարգը այլ էր. գերակշռում էր կոլեկտիվ կեցվածքը, և ամենևին նկատի չունեմ անհատականության ստորադասումը, ոչ, պարզապես այսօր դոմինանտ է եսակենտրոնությունը։

Երբեմն կարոտում եմ մանկությունս…

-Շատ վառվռուն և անհոգ մանկություն եմ ունեցել։ Երբ ասում են վարդագույն ակնոցներ, գիտեմ՝ դա ինչ է. կրել եմ դրանք մանկությանս ամբողջ ընթացքում։ Կուզեի, որ բոլոր երեխաները ունենան խաղաղ ու լուսավոր մանկություն։ Սակայն գիտեք չեմ կարոտում, միգուցե տարիներ անց կարոտեմ, հնարավոր է։ Սակայն առայժմ չեմ հիշում մի դեպք, որ նստեմ ու երազեմ թեկուզ մի քանի օրով վերադարձնել մանկությունս։ Հնարավոր է հագեցել եմ, իմ ծնողները թույլ են տվել ունենալ տևական մանկություն մշտապես կրկնելով՝ «դու գնա խաղա, դեռ կհասցնես մեծ լինել»։ Ազնիվ լինելու համար, սակայն պիտի ասեմ, որ այսօր էլ ունենում եմ պահեր, երբ ինձ երեխա եմ զգում, հավանաբար շատերի նման։ Ես առայժմ չեմ կարոտում իմ մանկությունը նաև այն պատճառով, որ ամեն օր գեթ երկու ժամով մանկանում եմ երեխաներիս հետ։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքի կարևորագույն շրջանը հենց մանկությունն է, այստեղ է ձևավորվում վերաբերմունքը աշխարհի ու մանդկանց հանդեպ, տեղի է ունենում հույզերի ու սիրո կուտակում, որ պիտի ուղեկցեն քեզ ողջ կյանքում։ Մանկության հուշերը նման են տակառիկի, որտեղից դժվարին պահին կկարողանաս վերցնել մի բուռ սեր։

Մեր ընտանիքում միշտ…

-Մեր ընտանիքում միշտ խնդիրներն ու ուրախությունը ընդհանուր են, բոլորը բոլորին, և հենց սա է ընտանիքը։ Մեր ընտանիքում միշտ յուրաքանչյուրի հաջողությունը հպարտության զգացում է բերում բոլորին, նույնիսկ հնարավոր է ավելի քան հենց հաջողության հասած ընտանիքի անդամին։ Մեր ընտանիքում, երբ մեկը նեղստրած է, տրամադրություն չունեն բոլորը, և գիտեք հետաքրքիր է, սակայն ես ավելի մեծ հեշտությամբ կարող եմ ներել ինձ ցավ պատճառողին, քան մեկի , ով կցավեցնի ընտանիքիցս մեկին։ Մեր ընտանիքը միասնական է, ինչն էլ օգնում է հեշտությամբ հաղթահարել յուրաքանչյուրիս հանդիպած ժամանակավոր դժվարությունը։ Երբ ես խոսում եմ ընտանիքի մասին նկատի ունեմ նաև հայրական ընտանիքս։ Ընդհանրապես, որքան մեծ ընտանիք այդքան լավ և ամենևին կարևոր չէ ապրել մեկ հարկի տակ, կարևոր է լինել վստահ, որ յուրաքանչյուր պահի ընտանիքդ քեզ հետ է։

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս…

-Երբ լույս աշխարհ է գալիս անմեղ հոգի և սկսում է աստիճանաբար ճանաչել աշխարհը, այդ աշխարհը իրեն ցույց են տալիս հենց ծնողները։ Իսկ աշխարհը բազմերանգ է, իրավիճակները՝ տարբեր։ Ծնողներիցս լավագույն դասը, որ քաղել եմ դա եղել է ցանկացած ստեղծված իրավիճակում փնտրել ոչ թե մեղավորին, այլ ելք։ Երբ բակում վնասվում էի, իսկ բակում շատ էի խաղում, ինձ երբեք չէին հարցնում՝ ո՞վ հրեց կամ ո՞վ էր մեղավոր։ Ընդհատում էին նույնիսկ, եթե սկսեի պատմել։ Հարցնում էին՝ ինչպե՞ս ընկար, ո՞ր մասը ցավեց և բացատրում՝ ինչ անել, երբ վնասվել ես։ Երբ ցավն անցնում էր, և յոդապատ նորից ուզում էի իջնել բակ, մայրս ասում էր « դե դու գիտես՝ ինչու ընկար, էլ չես ընկնի»։

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս, դա եղել է ինքնուրույն մտածելու դասը։ «Որոշում ընդունելուց առաջ համոզվիր, որ ճիշտ ես վարվում, դրա համար պետք է իրավիճակին վերևից նայել։ Եթե կարողացար դա անել ու մնացիր նույն կարծիքին, ուրեմն որոշումդ ճիշտ է ու խիղճդ՝ հանգիստ»,- առ այսօր կրկնում է հայրս։ Եվ իսկապես այդպես վարվելով՝ սխալվելու հավանականությունը փոքրանում է, իսկ սխալվելիս էլ պակաս ափսոսանք ես զգում։

«Դե լավ անցածի համար այդքան չեն մտածում, դու մտածի հիմա ինչ անես»,- սրանք էլ մայրիկիս խոսքերն են, ով լավագույն խորհրդատուն և քննադատս է։

Իմ մեծագույն ուսուցիչը եղել է…

-Ես լավ, շատ լավ դասախոսներ եմ ունեցել՝ Ռոբերտ Մավիսակալյան, Արմեն Հովհաննիսյան։

Հիշում եմ Ռոբերտ Մավիսակալյանի առաջին դասաժամը, երբ մտավ լսարան այն պահին, երբ աթոռին փլված խաչապուրի էի ուտում և լիմոնադ խմում (վերջին դասաժամն էր): Դե դասախոսին տեսնելուն պես՝ շտկեցի կեցվածքս, սեղանի տակ պահեցի փոքրիկ խնջույքի էլեմենտները։ Դասը սկսվեց, իմ շատ սիրելի Մավիսակալյանը մատնացույց արեց ինձ և հարցրեց,-«Դու․ օրինակ դու։ Ի՞նչ էիր անում, երբ մտա լսարան»։ Օֆֆֆֆ, մտածեցի սկսվեց։ Հիմա կասի աղջիկը Էդպես չի նստում, շշից չի խմում և այլ․․․․ Պատասխանեցի՝ «ուտում էի»։

Հաջորդ հարցը ինձ, «Ինչու՞», ես՝ «դե սոված էի»։

Նա քայլեց դեպի լսարանի առավել երևացող մասը, շրջվեց դեմքով դեպի մեզ և ասաց․

Եթե քաղցած եք՝ կերեք, եթե ծարավ եք՝ խմեք, եթե հոգնած եք՝ ընդունեք հարմար դիրք, լրագրողի աշխատանքը ծանր է, հաջորդ պահին կարող է հնարավորություն չունենաք դա անել։ Եվ ընդհանրապես լրագրողը մի քիչ սանձարձակ պիտի լինի, բարդույթավորված լրագրողը լավը չէ։ Եթե ունեք հարց, բայց ձեզ դուրս են հրավիրում դռնից, մտեք պատուհանով, եթե պատուհանից էլ չստացվեց, մտեք երդիկից, պա՞րզ է։ Սա ընդունեք որպես առաջին դաս։

Իսկ Արմեն Հովհաննիսյանի առաջին դասը այսպիսինն էր։

«Ես եկել եմ ձեզ սովորեցնեմ մտածել։ Լրագրող շատերը կարող են լինել, լսեցիր ու գրեցիր։ Այ մտածելով գրելը բարդ բան է, մենք դա ենք անելու»։

Շնորհակալ եմ իմ դասախոսներին, ոչ թե դաս տալու, այլ մեծ կյանքում չկոտրվել սովորեցնելու համար։

Լրագրությունն իմ ինքնաարտահայտման ուրույն ճանապարհն է…

-Այո, հավանաբար, այդպես էլ կա։ Սակայն ոչ միայն իմ ինքնաարտահայտման, այլ նաև շատերի ձայնը լսելի դարձնելու ճանապարհ է։ Մարդիկ համոզված են, որ, լրագրողների ուշադրությունը գրավելով, կկարողանան առավել արագ տեղ հասցնել իրենց ձայնը և, իրոք, այդպես է։ Պրպտող լրագրողները, կարծես, հասարակության խոշորացույցը լինեն, խնդիրների բարձրաձայնման իմաստով։ Սակայն արի ու տես, որ, երբեմն, հենց լրագրողն է դառնում քավության նոխազ և, ցավոք, ոչ միշտ է նույն հասարակությունից ստանում սատարում։

Կյանքը լիարժեք է, երբ…

-Կյանք է լիարժեք է, երբ կա ներդաշնակություն։ Երբ ունես ընտանիք, ընկերներ, սիրված աշխատանք։ Կյանքը լիարժեք է, երբ գիտես շնորհակալ լինել։ Երբ ունես չչարանալու և ներելու ուժ։

Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ…

-Սովորում եմ լինել տոկուն։ Ընդհանրապես մեր օրերում՝ հատկապես լրագրողի համար, կարևոր է լինել սթրեսակայուն։ Ցանկացած դժվարություն հաղթահարելիս՝ առավել ուժեղ ես դառնում։ Սակայն կարևոր է, որպեսզի դժվարությունն ու հաջողությունը հաջորդեն միմյանց։

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ…

-Հասկանում եմ շատ հարցերի կարելի էր այլ լուծումներ տալ, բայց և այնպես գիտեմ ընդունել սխալներս և շարժվել առաջ։ Առհասարակ, հաճախ ետ նայելով, ժամանակ վատնել հարկավոր չէ։։ Կարծում եմ՝ անցյալը ոչ թե անդադար վերանայելու համար է, այլ անցյալից քաղած դասերով ներկայում և ապագայում առավել գեղեցիկ ապրելու։

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է…

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդեցություն է ունեցել տատիկս, եթե, իհարկե, նկատի ունենանք հավատքը։ Նա է ինձ առաջին անգամ տարել եկեղեցի։ Նրա օրինակով եմ հասկացել, որ հավատը ցուցամոլության մեջ չէ։ Հավատը լռություն է սիրում, լուռ համոզում Աստծո ներկայության մեջ։ Չորս տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի պատարագի, շատ տպավորված էի։ Եկեղեցին այլ խորհրդավորությամբ տեսա։ Տատիկիս պահվածքում, այդ տարիներին տարօրինակ թվացող, շատ բաներ ավելի ուշ հասկացա։ Հիշում եմ տատիկս պարբերաբար հրաժարվում էր մեզ հետ ճաշելուց։ Ասում էր՝ չէ, չեմ ուզում, դուք կերեք, զարմանում էի ախր իր սիրված ճաշատեսակն էր, իր պատրաստածը։ Միայն տարիներ անց հասկացա, որ այդ ժամանակ նա պահքում էր լինում։ Կրում էր այդ զրկանքը լուռ, առանց պահքի վրա ուշադրություն գրավելու։

ԽՍՀՄ-ի տարիներին ընդունված չէր առանձնակի շուքով տոնել Հարության տոնը, բայց ոչ տատիս տանը։ Սուրբ Հարության տոնին նա պատրաստվում էր առանձնակի՝ ձվածեղ լավաշով, չիր ու չամիչով փլավի համը հիշում եմ մինչ հիմա։

-Սա ամենամեծ տոնն է, կմեծանաք կհասկանաք, ասում էր նա։

Մարդը սկսում է մահանալ, երբ…

-Մարդ սկսում է մահանալ ծննդից անմիջապես հետո։ Ես, երբեմն, մտածում եմ՝ ինչու՞ են մարդիկ այդ չափ վախենում մահանալուց։ Որովհետև կյանքից չեն ուզում բաժանվե՞լ, թե՞ մարմնական վախճանից հետո հաջորդող անորոշությունն է վախեցնում։ Մահը այդքան սարսափելի չէ հավատով մարդու համար, հավատով մարդը գիտի հոգու անմահության մասին և ձգտում է արժանանալ դրան։

Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ…

-Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատէք, մինչեւ գայ Տէրը, որ ի լոյս է հանելու խաւարի գաղտնիքները եւ յայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները. եւ ապա իւրաքանչիւրը գովասանք պիտի ստանայ Աստծուց։ (Ա Կորնթ. 4.5)

Խորհուրդներ, որոնք կցանկանայի տալ բոլորին․․․․․

-Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է, տարբեր են նաև իրավիճակները, նման ունիվերսալ խորհուրդների չեմ տիրապետում։ Այն ինչ կենսունակ է բոլորի համար և բոլոր դեպքերում, վաղուց գրված է Աստվածաշնչում։ Կարդացեք Աստվածաշունչ։

Զրուցեց Լիլիանա Օսիպյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս