Բաժիններ՝

«Այդ հրապարակումները կարող են էականորեն շուկան աղավաղել, որովհետև կոնկրետ ազդում են պահանջարկի վրա». ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեցին կաթնամթերքի շուկայի խնդիրները

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային հերթական քննարկման թեման կաթնամթերքի շուկան էր, իսկ առիթը, ըստ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ վերջերս ԶԼՄ-ներից մեկի նախաձեռնած փորձաքննության իրարամերժ եզրակացություններն են եղել:

Իսկ թե ինչքանով է սա առնչվում տնտեսությանը, մեկնաբանեց հենց Բաբկեն Թունյանը.

«Այնքանով է առնչվում, որ, երբ մենք ունենք վստահության հետ, մեղմ ասած, խնդիր ունեցող եզրակացություններ, այսինքն` երկու տարբեր փորձաքննություն կա նույն արդյունքի վերաբերյալ,  այդ հրապարակումները կարող են էականորեն շուկան աղավաղել, որովհետև իրենք կոնկրետ ազդում են պահանջարկի վրա»:

Ըստ նրա՝ սա կասկածի տակ կարող է դնել մինչ այս արված փորձաքննությունների արժանահավատությունը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում չկա փորձաքննության վերջնական եզրակացություն տվող լաբորատորիա, որը, ըստ նրա՝ լաբորատոր ոլորտի Սահմանադրական դատարան կարող է լինել: Ինչ վերաբերում է լաբորատորիաների խնդրին, ապա Գ. Ավետիսյանն ասաց, որ հիշյալ երկու լաբորատորիաներն էլ հավատարմագրված են եղել թե՛ տեղական, թե՛ միջազգային հավատարմագրերով.

«Մենք մտածում ենք, որ խնդիրը ոչ թե լաբորատորիաների, այլ նմուշառման մեջ է: Ասել ենք ու ասում ենք՝ կամայական լրագրողներ և հ/կ-ներ, երբ գնում եք նման միջոցառումներ իրականացնելու, խնդրում եմ, մեզ հետ գործակցեք, միշտ սիրով տրամադրում ենք տեսուչներ և գործիքներ՝ ճիշտ նմուշառում կատարելու և դրանք ճիշտ ձևով լաբորատորիաներ տեղափոխելու համար»:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նման մոտեցումը պայմանավորեց տվյալ լրատվամիջոցի դիտողականությունը բարձրացնելու միտումով միայն:

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է սխալ նմուշառությունն ազդել բուսական յուղի առկայության կամ բացակայության վրա, ինչին ի պատասխան՝ Գ. Ավետիսյանը նկատեց, որ հարցը նրանում է, թե արդյո՞ք տվյալ լրագրողն նույն նմուշն է տարել:

Քննարկման ներկա ոլորտի բոլոր փորձագետներն ու մասնագետներն առանձնացրին կոնկրետ խնդիրներ, որոնք, ըստ նախնական պայմանավորվածության, կքննարկվեն հուլիսի 15-ին:

b4b կայքի գլխավոր խմբագիրը՝ Դավիթ Մուրադյանը համաձայնեց Գ. Ավետիսյանի այն մտքի հետ, որ սննդի անվտանգության տեսակետից տեսչական մարմնի հետ համագործակցելը կարևոր է, իսկ մյուս դիտարկումներին արձագանքեց. «Փորձանմուշները նույնն են եղել, ես եմ նկարել անձամբ, եթե որևէ մեկը կասկածելու առիթ ունենա, կարող է դիտել տեսանյութը»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս