Մաքսակետերում տարբեր կանոններ են գործում
«Զվարթնոց» օդանավակայանում գործող Արևմտյան մաքսատան աշխատակիցները սկսել են այլ ընթացակարգով աշխատել: Ուղևորներից պահանջում են ծավալային և քաշով բոլոր ծանրոցների մուտքը հայտարարագրել, մինչդեռ նման ընթացակարգ նախատեսված չէ, և դրանք ձևակերպվում են պարզեցված ընթացակարգով, առանց լրացուցիչ վճարների:
Մաքսավորներն օգտվում են քաղաքացիների անտեղյակությունից, մեզ փոխանցում է աշխատակիցը և նկատում, որ ոչ բոլոր անձինք են տեղյակ նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունից, համաձայն որի՝ մինչև 200 եվրո ընդհանուր արժեքով ապրանքների դեպքում սահմանը հատող տնտեսվարողն ինքը պիտի որոշի՝ ինքնահայտարարագրո՞ւմ է իր ծանրոցը, թե՞ դիմում է մաքսային բրոքերի:
Բայց սա միակ դեպքը չէ, որ օրենք է շրջանցվում Նոր Հայաստանի մաքսակետերում: Աշխատակցի խոսքով՝ մաքսավորները շատ հաճախ իրենց իրավունք են վերապահում մաքսակետում պահել նաև օդային ճանապարհով ՌԴ-ից ներկրված սննդային մթերքը և պահանջել ինչ-որ փաստաթղթեր՝ սանիտարական, անասնաբուժական հավաստագրեր և զանազան այլ հիմքեր, մինչդեռ ԵԱՏՄ կանոնակարգով որևէ հսկողություն սահմանված չէ, այդ թվում՝ ամենագլխավորը՝ մաքսային հսկողությունը:
Մաքսավորների նորովի կանոնակարգված աշխատանքը նա չի համարում ինքնագործունեություն, ասում է՝ «օրենքի խախտում թույլ տալն ամեն մեկի քաշը չէր ների»:
Ստացվում է՝ կա վերևից իջեցված ուղիղ հրահանգ և հենց գլխավոր մաքսավորի կողմից: Ուստի բացառված չէ, որ այս մեկն էլ, նախորդ ակցիաների պես, պիլոտային կյանք ունենա, բայց թե երբ կավարտվի, քանի ուղեբեռի գանձման գնով, հայտնի չէ:
Չմոռանանք, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանի արտասովոր աշխատաոճը հասցրել է զարմացնել քանիցս, դրանցից երկուսին անդրադարձել էինք ավելի վաղ:
Հիշեցնենք, Շուշանիկ Ներսիսյանի առաջին ակցիան, որ հայտնի էր դարձել 168.am-ին, «մեկնարկեց» մարտ ամսին: Նա մի օր արթնացել և պարզապես որոշել էր՝ հանգստի օրերի մաքսավճարների հավաքագրումը զիջել տնտեսվարողին, իսկ հեղափոխական պաշտոնյայի ընծայած զիջումը, որով սովորաբար ՊԵԿ արտաբյուջեն է լցվում և վերջում վեր է ածվում ՊԵԿ չինովնիկների պարգևավճարների, աղքատացել էր որոշ չափով, թերևս այդ պատճառով էլ տիկնոջ հրահանգն օրենքի տառով իրավական հիմք չստացավ, հաջորդ շաբաթ այն դադարեց գործել:
Ընդ որում, նկատենք, կարճաժամկետ ակցիայի հարցով ՊԵԿ-ն այդպես էլ լուռ մնաց, «վերևներում» կատարվածի համար ոչ ոք պատասխան չտվեց (Շուշանիկ Ներսիսյանը վարչապետի տիկնոջ մտերիմն է համարվում):
Իսկ հաջորդ կամեցողությունը, որ Շուշանիկ Ներսիսյանը դրսևորեց դարձյալ տնտեսվարողների համար, մի խումբ ապրանքատեսակների համար այլ գանձումներին էր առնչվում։ Հիշեցնենք, ներկրվող ապրանքատեսակի մեջ մի խումբ է եղել, որի համար մի քանի ամիս մաքսակետերից մեկում հայտարարագրելիս բոլորովին այլ մաքսավճարներ է կիրառել, թղթատարության մեջ դրանք մանիպուլյատիվ լուծումներով են արձանագրվել:
Մի քանի ամիս գործած հրահանգի էֆեկտը եղել է այն, որ տվյալ ժամանակահատվածում ավելացրել է նույնատեսակ արտահանվող ապրանքների ծավալը՝ դեպի Ռուսաստան: Իսկ Շուշանիկ Ներսիսյանի ձեռամբ իրականացված «ակցիան» ՊԵԿ-ում հիմնավորում չի ստացել, արդյունքում՝ տուժել է պետությունը, բայց շահել է տնտեսվարողը կամ ՊԵԿ-ի կարգադրիչներից մեկը, ում շատ պետք էր շրջանցել օրենքը ու չպատժվել «Սպայկայի» թուրքական պոմիդորների հայտնի օրինակով:
Սյուզի Բադոյան