«Դե ֆակտո 1994 թվականից մինչ օրս մենք պահպանել ենք Արցախն այն տարածքով, որ տարածքով ազատագրվել է». ադրբեջանական հարցերով փորձագետ
Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպումը, ըստ «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի, կոնկրետ արդյունքներ չտվեց և գուցե կնպաստի միայն սահմանային գծում լարվածության նվազեցմանը։
Ըստ նրա՝ վերջին շրջանի իրադարձությունները, մասնավորապես՝ վերջին երկու շաբաթների սահմանային լարվածությունը, արդեն ցույց էին տալիս, որ բանակցություններից շատ բան ակնկալել չի կարելի.
«Փաստացի արձանագրենք, որ, ինչպես և սպասելի էր, Դուշանբեի երկկողմ համաձայնությունը ժամանակավոր միջոցառում էր, որն իր գործը կատարեց մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սկսելը և արդեն նոր պայմանավորվածություններ ձեռք բերելը»։
«Անկեղծ ասած, ես սպասում էի, որ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում կլինի հստակ ընդգծում, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ քայլեր իրականացնել, բայց հստակ նշված չէր՝ ասվեց միայն անվտանգության միջոցառումներ իրականացնելու և ուղիղ կապն ապահովելու մասին։
Վերջինս, ըստ իս՝ էֆեկտիվ է այն դեպքում, եթե կա կողմերի բարի կամքը, բայց ադրբեջանական կողմի ռազմավարության շրջանակներում դա չի տեղավորվում, գուցե ինչ-որ ժամանակ աշխատի, բայց ոչ երկար»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2012 թվականից սկսած թեև առաջարկվում էր հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ գործարկել, սակայն Ադրբեջանը հրաժարվում էր։
Տ. Հովհաննիսյանը համոզված է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հակամարտության գործընթացում այն է, որ ամեն գնով պահի լարվածությունը շփման գծում.
«Ինչո՞ւ, որովհետև իրենք իրենց քաղաքականության շրջանակներում հասկանում են, որ եթե չկա լարվածություն, խնդիրը գնում է սառեցման, և իրենք չեն կարողանում իրենց ուզած ճանապարհով լուծել հարցը, իսկ եթե կա լարվածություն, ապա կա ճնշում գործադրելու փորձ ՀՀ և Արցախի ղեկավարության ու բնակչության նկատմամբ, ինչով իրենք փորձում են քաղել իրենց ուզածը»։
Ատելության խոսքի տարածման ու ագրեսիայի ֆոնին նա ճիշտ գնահատեց ՀՀ Պաշտպանության նախարարի հայտարարությունները, գործողությունները. «դրանք մեկ բան են ցույց տալիս, որ, եթե ադրբեջանական կողմը նման քաղաքականություն է վարում, մենք կվարենք ավելի կոշտ քաղաքականություն»։
«Ո՞րն է բանակցային գործընթացներում մեր ձեռքբերումը» լրագրողների հարցին ի պատասխան՝ փորձագետը նշեց. «1994 թվականից սկսած տարբեր բանակցային փաթեթներում եղել է փոխադարձ զիջումների համակարգը, բայց մենք մինչ օրս մեկ մետր տարածք չենք հանձնել բանակցային գործընթացի արդյունքում։ Դե ֆակտո 1994 թվականից մինչ օրս մենք պահպանել ենք Արցախն այն տարածքով, որ տարածքով ազատագրվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան