Բաժիններ՝

«Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների կրակային փուլը

«Տիգրանակերտ» զորավարժարանում հունիսի 20-ին տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը:

Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ:

Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում և ստորաբաժանումներում կատարված կազմակերպահաստիքային փոփոխությունների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսականիների համալրման պայմաններում, ինչը հնարավորություն տվեց օբյեկտիվորեն գնահատելու զորավարժությանը ներգրավված ուժերի և միջոցների իրական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը:

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ բացի մարտավարամասնագիտական կարևորության խնդիրներից, զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց կիրառման մեջ դրված սպառազինության, այդ թվում՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկման, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, այն է՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու անընդհատությունն ապահովող գործոնների վրա:

Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսևորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջև դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով:

https://www.youtube.com/watch?v=6BdppSoRg3k

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս