Իրանն ԱՄՆ-ից նախազգուշացում է ստացել պլանավորվող հարվածի մասին. Reuters
Իրանի ղեկավարությունը հունիսի լույս 21-ի գիշերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից նախազգուշացում է ստացել Իրանի դեմ պլանավորվող ամերիկյան հարվածի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական կառավարական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ Թրամփն Իրանից պահանջել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել հատկացված ժամկետում: Իրանն սպառնալիքին ի պատասխան ԱՄՆ-ին նախազգուշացրել է երկրին հարվածի «տարածաշրջանային ու միջազգային» հետեւանքների ռիսկի մասին: Թրամփի ուղերձը եւ Իրանի պատասխանը փոխանցվել են Օմանի միջնորդությամբ:
«Իր ուղերձում Թրամփը համյտարարել է, որ ինքը դեմ է Իրանի հետ ցանկացած պատերազմի, եւ որ ինքը ցանկանում է Թեհրանի հետ բանակցություններ վարել շատ հարցերի շուրջ,-հայտնել է գործակալության իրանական աղբյուրը:-Նա կարճ ժամանակ է հատկացրել մեր պատասխանն ստանալու համար, բայց Իրանի անմիջական պատասխանը եղել է այն, որ այդ հարցի վերաբերյալ որոշում պետք է ընդունի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին»:
«Մենք պարզորոշ հասկանալ տվեցինք, որ առաջնորդը դեմ է ցանկացած բանակցությունների, բայց հաղորդագրությունը կփոխանցվի Խամենեիին՝ որոշում ընդունելու համար,- Reuters-ին հայտնել է իրանական մեկ այլ պաշտոնական աղբյուր:-Սակայն մենք օմանցի պաշտոնատարներին ասացինք, որ Իրանի դեմ ցանկացած գրոհ կունենա տարածաշրջանային ու միջազգային հետեւանքներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: