Բաժիններ՝

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ջրի վարձը կանխիկով չվճարել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարան է ներկայացրել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ։

Ըստ պատգամավորի՝ տարիներ շարունակ այդ ոլորտում կատարվել են չարաշահումներ, որոնք մինչև այս պահը չեն կարողանում լուծել, ուստի իր բերած նախագծով առաջարկում է, որ այսուհետև ջրի վարձի դիմաց կատարվող վճարումներն իրականացվեն անկանխիկ՝ տվյալ ընկերության հաշվին գումարը վճարելով։

«Առաջինը լինելով՝ ցանկանում եմ տեսնել, թե, ի վերջո, այդ բազայում մենք որքա՞ն գումար կարող ենք ունենալ, վերջապես հասկանանք, որքա՞ն ջուր ենք օգտագործում։ Երբևէ նման բան չենք ունեցել, որի արդյունքում այսօր ունենք քայքայված ջրային համակարգ, խողովակաշարերն այլևս վերականգնման ենթակա չեն, հսկայական պարտքեր են կուտակվել և միլիարդավոր դոլարներ վատնվել։ Պետք է առաջին քայլն անենք և գյուղացուն նորմալ ջուր մատակարարենք»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։

Ըստ նրա՝ Կառավարությանը հորդորել է դիմադրել այն լոբբինգի դեմ, որ ջրային միություններն իրականացնելու են իր բերած նախագծի շուրջ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս