Օսակայում G20-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն գրեթե 32 հազար ոստիկաններ
Քսանի խմբի՝ հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում գրեթե 32 հազար ոստիկաններ կապահովեն անվտանգությունը եւ կհետեւեն կարգուկանոնին: Այդ մասին, ինչպես հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը, հունիսի 20-ին Օսակայում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Տակահիսա Իսադան:
Նրա խոսքով՝ ի լրումն Օսակայի պրեֆեկտուրայի ուժերի, արդեն այնտեղ համալրումներ են ժամանել Ճապոնիայի բոլոր ծայրերից՝ թվով գրեթե 18 հազար մարդ: Բացի գագաթնաժողովի օբյեկտների եւ ղեկավարների նստավայրերի հսկումից, կարգի պահապանները հսկողություն են իրականացնելու փակ գոտիների նկատմամբ եւ կարգավորելու են երթեւեկությունը: Սպասվում է, որ G20-ի հանդիպման ժամանակ Օսակայում կմտցվեն տրանսպորտի աշխատանքի լուրջ սահմանափակումներ: «Մենք կոչ ենք անում տեղի բնակիչներին՝ գագաթնաժողովի օրերին հրաժարվել անձնական ավտոմեքենաներից»,-ասել է Իսիդան:
Կազմակերպիչների հաշվարկներով՝ «քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում քաղաք կժամանի շուրջ 30 հազար մարդ, այդ թվում՝ պատվիրակությունների անդամներ ու լրագրողներ:
Գրեթ 2,7 մլն բնակչությամբ Օսական բնակչության թվաքանակով Ճապոնիայի երրորդ քաղաքն Է՝ Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո: Այն երկրի գործարար եւ մշակութային կարեւորագույն կենտրոններից մեկն է՝ Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավարեւմտյան մասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: