Եգիպտոսի խորհրդարանը երկրի ներքին գործերին միջամտություն է որակել Մուրսիի մահվան վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը
Եգիպտոսի խորհրդարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ եգիպտական իշխանություններին հասցեագրված այն մեղադրանքները, թե իշխանությունները ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ դրանք որակելով միջամտություն Կահիրեի ներքին գործերին: Այդ մասին այտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ Սալահ Խասբալլայի հայտարարությունը:
Պաշտոնյան Էրդողանի դիրքորոշումը համարել է «միջամտություն Եգիպտոսի ներքին գործերին»: Նա նաեւ նշել է, որ «հունիսի 30-ի հեղափոխությունը (որի ժամանակ տապալվեց Մուրսին) ջախջախիչ հարված հասցրեց Էրդողանի պլաններին ու նրա երազանքներին»: Նա Թուրքիայի նախագահին անվանել է «բռնակալ ու դիկտատոր, որն իր երկրում հետապնդում է իր քաղաքականության հետ բոլոր չհամաձայնողներին»:
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Մուրսին սեփական մահով չի մահացել, այլ «սպանվել է», քանի որ նրան ժամանակին բուժօգնություն ցույց չի տրվել:
Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում մտցնել Եգիպտոսի նախկին նախագահի մահվան հարցը: Էրդողանը խոստացել է «անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի Եգիպտոսի իշխանությունները պատասխանատվության ենթարկվեն միջազգային տրիբունալում»:
Անկարան պաշտպանում էր Մուրսիին ու նրա վարչակազմը եւ հակասահմանադրական է համարում նրա ռեժիմի տապալումը Աբդել Ֆաթահ աս Սիսիի ներկայիս կառավարության կողմից:
Մուրսին մահացել է հունիսի 17-ին լրտեսության գործով դատական նիստի ժամանակ: Եգիպտոսի պետական հեռուստատեսության տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի տագնապը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: