Բաժիններ՝

Անիշխանություն. ոստիկանությունը պատշաճ կերպով չի կատարում դատարանի վճիռը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիդիան Ինթերնեյշնլը» ապրիլի 12-ին հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ «պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքն Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք»:

2018 թ. սեպտեմբերի 20-ին «Լիդիանը» հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել Ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են Ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք «Լիդիանի» ազատ մուտքն ապահովելու՝ «Լիդիանի» պահանջը:

Եվ ահա ապրիլի 10-ին դատարանը որոշում էր կայացրել հոգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ բավարարելով Ընկերության բողոքը:

Եվ ահա դատարանի վճռից երկու ամիս անց «Լիդիան Ինթերնեշնլը» հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, «Լիդիանն» ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը  և կապահովի «Լիդիանի» մուտքն իր տարածք:

Կարդացեք նաև

«Լիդիանը» տեղեկացնում է նաև, որ Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է իրենց, որ իրենք կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, «Լիդիանի» անարգել մուտքը չի վերականգնվել: «Լիդիանը» պնդում է, որ ներխուժումը շարունակվում է, և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:

Այդ իսկ պատճառով, «Լիդիանը» միջնորդություն է ներկայացրել դատարան լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում:

Նկատենք, որ Ոստիկանության պարզաբանումն առնվազն անհասկանալի է և ոչ ըստ էության, որովհետև եթե դատարանը պարտավորեցրել է ապահովել դեպի «Լիդիան» անարգել մուտքը, ու դա չի արվել, ուրեմն արձանագրենք, որ ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը։

Այսինքն՝ երկրում այնպիսի բարձիթողի իրավիճակ է, որ ոստիկանությունն անտեսում է, չի ուզում կամ չի կարողանում (թող իրենք ընտրեն՝ որ տարբերակն է իրենց գործելակերպին ավելի հարմար) բացել «Լիդիանի» մուտքը, ինչ-որ անհոդաբաշխ պարզաբանում է տալիս, թե Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխել է, սակայն այդպես էլ չի ասում, որ եթե դրանից, ինչպես հիմա ընդունված է ասել, իրավիճակ չի փոխվել, և «Լիդիանի» մուտքն ինչպես արգելափակված էր, այնպես էլ շարունակվում է արգելափակված մնալ, ո՞ւմ էր պետք այդ վագոնների տեղադիրքը փոխելը։

Նշենք, որ խոսքը երկրի խոշորագույն օտարերկրյա ներդրողի մասին է, ով, արդեն մեկ տարի է՝ չի կարողանում տնտեսական գործունեություն իրականացնել, ով խոշոր գումարներ է ներդրել, աշխատատեղեր է բացել, բայց այսօր մատնվել է հարկադիր պարապուրդի, և թե դրա հետևանքները ե՞րբ և ինչպե՞ս ենք մեզ վրա զգալու ու ի՞նչ կերպ ենք հատուցելու, ցույց կտան ժամանակն ու իրադարձությունների հետագա զարգացումը։

Ամեն դեպքում դատարանը լրացուցիչ վճիռ կկայացնի, բայց թե ինչպես կկատարի նոր վճիռը ՀՀ ոստիկանությունը, և արդյո՞ք «Լիդիանի» աշխատակիցները վերջապես կկարողանան անարգել մուտք գործել իրենց աշխատավայր, կտեսնենք առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս