Բաժիններ՝

«Ձեր երեխեքն էլ պետք է ուտեն, ա՛յ ընկերներ, չի՛ կարելի». Մելիտա Հակոբյանը՝ պաղպաղակ վաճառողներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում:

Պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում և «Երևան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգև», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա և Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային և պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր և որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» և «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ:

Արձանագրվել են նաև մակնշման և սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ:

Տեսչական մարմինը դիտարկում է իրականացնում նաև «Փինք Բերրի» ՍՊԸ-ում, որը դեռևս ընթացքի մեջ է:

Կարդացեք նաև

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով՝ պետք է շուկայի ինտենսիվ ուսումնասիրություն միշտ կատարվի, ստուգեն ոչ թե արտադրությունը, այլ արտադրանքը:

«Գնացե՛ք, պաղպաղակ գնեք, կտեսնեք, որ թույլ է: Ասում են՝ այնքան շոգ է, չի հասցնում սառը պահի: Դրան գումարած՝ շատ տնտեսվարող սուբյեկտներ երեկոյան անջատում են սառնարանները, առավոտյան կրկին միացնում: Իսկ սառեցրած-հալեցրած պաղպաղակը հոյակապ միջավայր է տարբեր տեսակի պաթոգեն միկրոօրգանիզմների զարգացման համար: Դա անշնորհքություն է: Ձեր երեխեքն էլ պետք է ուտեն, ա՛յ ընկերներ, չի՛ կարելի: Եկեք մեկս մյուսին չթունավորենք, պահպանենք մեր երեխաների առողջությունը: Ես թխում եմ հաց, ձեզ եմ թունավորում, դուք պատրաստում եք երշիկ կամ պաղպաղակ՝ ինձ եք թունավորում ու այդպես շարունակ: Չի կարելի: Այն վատ տարիներին նույնիսկ տնտեսական ներկ էին գցում կոնֆետների մեջ, տներում էին սարքում… գիշեր-ցերեկ վազում էինք հետևներից, որ նման բան չանեն: Դա համար, թող բարի լինեն, գնան ոչ թե արտադրությունը ստուգեն, այլ շուկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մելիտա Հակոբյանը:

Ինչ վերաբերում է լցնովի պաղպաղակներին՝ նշեց.

«Լցնովի պաղպաղակներ պետք չէ օգտագործել, հատկապես, եթե տեղում է պատրաստվում: Նման պաղպաղակ մատակարարողները պետք է ստանան տարբեր ֆիրմաներից կնքված ձևով վաֆլիներ ու իրենց մոտ միայն հատուկ ապարատով լցնեն պաղպաղակը: Պետք է ունենան հարմարանքներ: Առաջ փողոցներում էին պատրաստում, հիմա ապակեպատ է, բայց այդ սարքը պետք է մաքրվի երեկոյան և առավոտյան, նոր հետո օգտագործեն: Չեմ կարծում, որ այս ամենը պահպանում են, դրա համար խուսափել է պետք»:

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ անդրադարձավ բուսական յուղ պարունակող պաղպաղակների խնդրին:

«Օրենքը չի արգելում. կարող է լինել կաթնայուղով պատրաստված կամ բուսական յուղով: Եթե ուզում եք անարատ կաթով, կաթնայուղով պատրաստված պաղպաղակ, այն մի քիչ թանկ կլինի երևի: Բուսական յուղը չի արգելվում, բայց պարտադիր է, որ երևացող տեղում գրվի այդ մասին»,- հավելեց Ռուբեն Հայթյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս