«Կառավարությանն այդ շերտավորումը պետք է». հոգեբանը՝ «սևեր-սպիտակներ» բաժանարար գծերի մասին

Հասարակության մեջ շերտավորումներ ի սկզբանե են եղել, բայց այն շերտավորումը, որը հիմա տրվեց, կառավարական-պետական մակարդակով, իրավիճակը փրկելու համար էր, որովհետև եթե այն չլիներ, այդ դեպքում հեղափոխական շերտը չէր կարողանա անջատվել: 168.am-ի հետ զրույցում հասարակության մեջ առկա տրամադրություններին, «սև ու սպիտակ» բաժանարար գծերին անդրադառնալով՝ նշեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ընդհանրապես երկու էկլեկտիկ մեծությունները պարտադիր բան են բնության համար, բայց նայած, թե մենք ինչպես ենք այդ շերտավորումը տալիս. եթե մենք այդ շերտավորումը տալիս ենք կոնկրետ իրավիճակից ելնելով՝ սինթետիկ իրավիճակում, այդ դեպքում մենք ունենում ենք որոշակի խնդիրներ, որովհետև հեղափոխության մետամակարդակի մեջ եղել է երկրի փրկության և այլ գաղափարներ, և հեղափոխություն ու հակահեղափոխություն ասելով՝ մենք ավտոմատ ենթադրում ենք, որ հակահեղափոխությունը ծառայում է ոչ երկրի փրկության համար:

Այս շերտավորումը չպիտի լիներ, որովհետև, անկախ մեզ դուր եկած կամ չեկած իրավիճակից՝ բոլորս այս երկրում լծված ենք երկիրը փրկելու գործին, բարեկեցիկ դարձնելուն… ուղղակի ամեն մարդ միգուցե մի փոքր այլ կերպ է տեսնում դրան հասնելու ճանապարհները: Չեմ կարծում՝ կարելի է այդ կերպերն իրար հետ մրցելով` թշնամացնել»,- ասաց նա:

Ըստ Մադաթյանի՝ վերջին շրջանում կառավարությունը հատուկ ակցենտներ է անում սրա վրա՝ ցույց տալու համար, թե ցանկանում է այդ շերտավորումը վերացնել.  «Բայց ամեն անգամ ակցենտելով այն, ավելի են խորացնում»:

Մադաթյանը համոզված է, որ կառավարությանն այդ շերտավորումը պետք է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուրջ 1 տարում իշխանությունը տվեց հասարակության շերտավորման մի քանի օրինակներ:

Իսկ թե ինչո՞ւ է պետք՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նկատեց. ««Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը դեռ ոչ ոք չի փոփոխել»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս