Մակրոնը և Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի արևելքի իրադրության կարգավորումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորումը: Այդ մասին նհայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում:
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն այն բարեփոխումները, որոնք մտադիր է իրականացնել Ուկրաինայի նոր նախագահը, երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հեռանկարները՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ՝ նորմանդական ձեւաչափի շրջանակում»:
Հունիսի 13-ին ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 17-ին Զելենսկին կայցելի Ֆրանսիա, իսկ 18-ին՝ Գերմանիա:
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ այցի ծրագիրը նախատեսում է Զելենսկու հանդիպումները Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարության, ինչպես նաեւ այդ երկրների խորհրդարանների ղեկավարների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: