«Պարադոքսալն այն է, որ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ վարչապետը մեկ բան է ասում, իսկ Կոտայքի մարզպետը՝ բոլորովին այլ». քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է աբովյանցու ընտրությունը, քանի որ ընտրախախտումների մասին որևէ տեղեկատվություն չի եղել, և համեմատաբար արդար ընտրություններ են անցկացվել։
«Իմ պատկերացմամբ՝ երբեմն վարչական ռեսուրս է կիրառվել, մասնավորապես՝ Կոտայքի մարզպետի կողմից։ Սակայն, այդուհանդերձ, ընտրակաշառքի և այլնի առումով որևէ արձանագրում տեղի չի ունեցել։ Այսինքն՝ տեղի է ունցել արդար ընտրություն, որի արդյունքում աբովյանցին ընտրել է ոչ իշխանական թեկնածուի։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ հաղթել է և՛ ժողովրդավարությունը, և՛ սովորական ընտրողը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ այն մեկնաբանությունները, որոնք հնչում են ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո՝ կանխատեսելի էին, քանի որ, եթե հաղթեր իշխանության թեկնածուն, հայտարարվելու էր, թե հաղթել է հեղափոխությունը։ Իսկ այս դեպքում, երբ հաղթել է ոչ իշխանական թեկնածուն, նշում են, թե հաղթել է ժողովրդավարությունը։
«Այստեղ պարադոքսալն այն է, որ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ վարչապետը մեկ բան է ասում, իսկ Կոտայքի մարզպետը՝ բոլորովին այլ։ Վարչապետն ասում է, որ ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը, իսկ մարզպետը նշում է, որ այդ ընտրության արդյունքն Աբովյանի բնակիչների արժանապատիվ պարտությունն է։ Այս համատեքստում Ընտրական օրենսգիրքն առնչություն չունի, քանի որ ցանկացած Ընտրական օրենսգրքով կարելի է իրականացնել և՛ լավ, և՛ վատ ընտրություններ։ Իմ կարծիքով՝ ընտրության արդյունքները բավականին կանխատեսելի էին, այժմ այլևս էյֆորիա գոյություն չունի, և բավական չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անուն տա, և այդ անունը ցանկացած պահի ընտրվի»,- շեշտեց Վ. Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը մտածելու տեղ ունի և պետք է փորձի զուտ հեղափոխության հռետորաբանությունից ու գործելաոճից անցնել կոնկրետ գործ անելուն, որովհետև մարդկանց մոտ, ամենայն հավանականությամբ, հիմա ոչ թե հեղափոխական և քաղաքական օրակարգն է առաջնայինը, այլ առօրյա օրակարգը՝ սոցիալ-տնտեսական վիճակը։
Զվարթ Խաչատրյան