«Կմնամ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը գա ու ասի, որ ինքը վախեցել է Արթուր Դանիելյանի խոսքերից». Նարեկ Մալյան
«Ես կսպասեմ, որ Նիկոլ Փաշինյանը գա, ներկայանա ոստիկանություն, որովհետև այսպիսի խնդիր կա՝ ում նկատմամբ որ սպառնալիքը եղել է, ինքը պարտադիր պիտի գա ցուցմունք տա ու ասի, որ ինքն էդ սպառնալիքից վախեցել է, ու այդ սպառնալիքն իր համար իրական է»։
Այս մասին Կենտրոն Ոստիկանության բաժնի մոտ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» հ/կ համահիմնադիր Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու փաստին։
Ըստ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի՝ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել վարչապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի համար։
«Հիմա. որպեսզի Արթուր Դանիելյանի նկատմամաբ կիրառվի ձերբակալության, կալանքի սանկցիաներ, պարտադիր նախապայման է, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա Կենտրոնի Ոստիկանություն ու գրի, որ այդ ենթադրաբար սպառնալիքը, որը Արթուր Դանիելյանն ասել է, այդ սպառնալիքից ինքը վախեցել է, ու այն համարում է իրական։
Կարծում եմ ՝ այս թեման շատ հետաքրքիր շրջադարձներ կունենա։
Կմնամ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը գա ու ասի, որ ինքը վախեցել է Արթուր Դանիելյանի խոսքերից, ապրումներ է ունեցել, հոգեկան հույզեր է ունեցել…»,- հավելեց Ն. Մալյանը։
Ավելի վաղ նա խոսել էր նաև Ա. Դանիելյանին բերման ենթարկելու պատճառների մասին՝ մասնավորապես նշելով. «Դուք երևի կհիշեք՝ մի հոգի կար, կոչ արեց՝ քարով ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, երեկ Արթուր Դանիելյանը ելույթ է ունեցել ու անթույլատրելի է համարել այդ հռետորիկան՝ ասելով, որ լավ կլինի՞՝ կոչ անենք՝ մարդիկ քարով ջարդեն Նիկոլ Փաշինյանի գլուխը։
Ինչպես գիտեք, այդ տղան ազատության մեջ է, իսկ Արթուր Դանիելյանին վեց ոստիկանններ ձերբակալեցին ու բերեցին Կենտրոնի ոստիկանություն»։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել «Ադեկվադ» հ/կ անդամներից մեկին։ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով մեքենա նստեցնում Արթուր Դանիելյանին։
Զարուհի Դիլանյան