ՀՔԾ պետը հույս ունի, որ Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների

«Գեղամ Պետրոսյանն այս պահին ցուցմունք չի տալիս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ սպանությունների բացահայտումների հետ կապված աշխատանքները շարունակվում են շատ ակտիվ:

«Ես չեմ կարող ասել կանխակալ կարծիք, թե ապագայում կլինե՞ն ձերբակալություններ»,- ասաց Ս.Խաչատրյանը՝ ամեն դեպքում հույս հայտնելով, որ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների:

Ըստ նրա՝ բոլոր 10 սպանությունների բացահայտման գործում, իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, ինչն օբյեկտիվորեն դժվարացնում է ՀՔԾ աշխատանքը.

«Բայց նաև ես մի առիթով ասել եմ՝ ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»:

Նա չբացահայտեց՝ կա՞ն ապացույցներ, որ հենց Գ.Պետրոսյանին կցված ատրճանակից է սպանվել Զաքար Հովհաննիսյանը. «Ես այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն՝ այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Գիտեք, որ դատարանն էլ խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությունը բավարարել է»:

Այսինքն, Խաչատրյանի խոսքով, դատարանը գտել է, որ առկա է և՛ պայմանը՝ հիմնավոր կասկածը, և՛ հիմքը:

ՀՔԾ պետը չհամաձայնեց, որ մի վկայի ցուցմունքի հիման վրա է գործը կազմվել:

Նա նշեց, որ դա Պետրոսյանի փաստաբանի աշխատանքն է՝ ամեն ինչ անել, որ իր վստահորդին արդարացնի: Պարկուճները փոխելու հանգամանքը Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել, միայն նշեց, որ բաց աղբյուրներում այդ մասին տեղեկատվություն կա, որն ինքը չի հերքում:

Ս.Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել նաև, որ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը սնունդով են ապահովել զինվորականներին. «Չեմ մեկնաբանում»:

Ըստ նրա՝ քրեական գործը 4 մեղադրյալների մասով գտնվում է դատարանում, և ՀՔԾ-ն այդտեղ անելիք չունի, ու կոռեկտ չէ մտնել այդ դաշտ:

Տեսանյութեր

Լրահոս