Պուտինը Դուշանբեում կմասնակցի Ասիայի պետությունների ղեկավարների գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) պետությունների ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովին, որը հունիսի 15-ին կկայանա Դուշանբեում: Այդ մասին հայտնել է Asia-Plus լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի կառավարությանը:
«Դուշանբեի գագաթնաժողովի աշխատանքին մասնակցելու համար Տաջիկստան կժամանեն 12 պետությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Շրի Լանկվայի նախագահները»,-ասված է հաղորդագրության մեջ: Գործակալության տեղեկատվությամբ, «ԱՓՎՄԽ-ի եւս 15 մասնակից երկրներ կներկայացնեն վարչապետները, փոխվարչապետները եւ ԱԳ նախարարները»:
ԱՓՎՄԽ-ի պետությունների ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 14-15-ին Դուշանբեում: Այդ միջազգային համաժողովը, որն ստեղծվել է Ասիայում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար, միավորում է 27 պետություն՝ ընդգրկելով Ասիայի տարածքի եւ բնակչության մոտավորապես 90 տոկոսը: Եվս ութ պետություն եւ միջազգային հինգ կազմակերպություն, ներառյալ ՄԱԿ-ը, ունեն դիտորդի կարգավիճակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: