Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը. նա խոստացավ հարցերի պատասխանել խորհրդարանում
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը: Երևանում անցկացվող «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպմանը լրագրողները փորձեցին Արտակ Զեյնալյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է հրաժարական տվել արդարադատության նախարարի պաշտոնից, սակայն նա հրաժարվեց հարցերի պատասխանել:
«Հարգելի գործընկերներ, ես հիմա պետք է մասնակցեմ այս միջոցառմանը, թույլ տվեք դա անեմ: Այսօր Ազգային ժողովում պետք է ներկայացնեմ բյուջեի տարեկան հաշվետվությունը, դրանից հետո կպատասխանեմ ձեր հարցերին»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնից: Այդ մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար»,-նշել է Արտակ Զեյնալյանը: