Բաժիններ՝

Կարսի ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի պատվիրակության այցի պատճառով

Կարսի «Կովկասի համալսարանի» ադրբեջանցի ուսանողները բողոքի գործողությունների են դիմել հայկական պատվիրակության՝ Կարսի քաղաքապետարան կատարած այցելի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նշենք, որ նախօրեին Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Կարսի քաղաքապետարան:

Կարսի այգիներից մեկում հավաքված ադրբեջանցի ուսանողներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետարանին` հիշեցնելով  Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը, որտեղ իրենց պնդմամբ` «հազարավոր քաղաքացիներ և անպաշտպան տեղացի քրդեր ու ադրբեջանցիներ են սպանվել»:

Նրանք վերոհիշյալ հայտարարությամբ փորձել են քրդերին տրամադրել հայերի դեմ:

Ադրբեջանցի ուսանողներից մեկը, խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, նկատել է տվել, որ ադրբեջանցիները Թուրքիայի կողքին են եղել նաև 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:

Բողոքի ակցիայի հեղինակները հիշեցրել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգեին, թե ինչպես էր նա ընտրվելուց հետո հայտարարում, որ Կարսում հաղթել է «ադրբեջանական, թուրքական և քրդական եղբայրությունը», մինչդեռ հիմա հայկական պատվիրակության անդամներին է ընդունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս