Գյուղացին, ստիպված, թափում է իր բերքը
Գյուղացու մթերքը չի իրացվում: Այս մասին 168.am-ը տեղեկացավ Արմավիրի մարզի գյուղացիներից: Սմբուկ, լոլիկ, պղպեղ և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ արտադրող մարզի բնակիչներն այսօր շուկայում ստիպված են եղել թափել իրենց բերքը: Մեզ հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ թեպետ գյուղմթերքն այս տարի բավական քիչ է, սակայն եղածն էլ իրացնել չեն կարողանում: «Մարդ չկա շուկայում: Միայն վաճառողներս ենք: Գալիս ենք, բերում մեր մթերքը, հույսով, որ գոնե այս անգամ կվաճառենք»,- ասաց Արմավիրի մարզի գյուղացիներից մեկը: Մեր հարցին, թե շուկայում ի՞նչն է վաճառվում, գյուղացիները պատասխանեցին. «Ոչ մի բան էլ չի վաճառվում»: 168.am-ը երեկ բանջարեղենի մթերման խնդրով դիմել էր ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին, ով վստահեցրել էր, թե գյուղմթերքը մթերվում է, և ոչ մի տեսակի գյուղմթերքի իրացման խնդիր գյուղացին այս տարի չի ունենալու: Մեր այն հարցին, թե ի՞նչ գնով է գյուղմթերքը գործարանների կողմից ընդունվելու, Ռ. Մակարյանը պատասխանել էր. «Շուկան է որոշելու մթերքի ընդունման գինը»: Այսօր խնդրի շուրջ զրուցեցինք գիշերը Երևանի «Մալաթիա» և Արմավիրի մարզի «Սադախլու» կոչվող շուկաներում գյուղմթերք վաճառող գյուղացիների հետ: Մեր այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ են, որ մթերում իրականացվում է, գյուղացիները պատասխանեցին, որ դեռ այդպիսի տեղեկություն չունեն. «Դիմել ենք գործարաններին՝ մինչև պահոցի շրջանի բացվելը մեր մթերքն իրացնելու համար, բայց դեռ ոչ մեկը մթերում չի իրականացնում»: Նշենք նաև, որ այսօր շուկայում գյուղացին լոլիկի 1 կիլոգրամը վաճառում էր 40-50 դրամով, սմբուկի 1 կիլոգրամը` 15-30 դրամով: «Մթերքի մեծ քանակությամբ իրացում, այն էլ՝ այդ գների սահմաններում, չի կատարվում: Անգամ 15-20 դրամով գյուղմթերք չենք կարողանում վաճառել: Ինչքա՞ն վաճառենք, որ մի բան դուրս գա: Պատկերացրեք, 1տ սմբուկը, լավագույն, դեպքում 30.000 դրամ գումար է արժենում: Բայց մենք ինչքա՞ն ենք տանջվել այդ 1տ բերքը ստանալու ու հավաքելու համար: Բացի դա էլ, մարդ չկա շուկայում, մենակ մենք ենք ու վերավաճառողները: Հայաստանում մարդ չի մնացել: Նույնիսկ բերքի քչության պայմաններում բերք իրացնելը շատ դժվար է: Չկա մի գյուղացի, որ ասի՝ իր բերքը իրացվում է»,- մեզ հետ զրույցում բողոքում էին Արմավիրի մարզի գյուղացիները: