«Դատարանների մուտքեր փակելը մեսիջ էր Վերաքննիչ դատարանին և Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին». Հայկ Ալումյան
«Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուն՝ ՀՀ վարչապետը, այնուհետև՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի պատգամավորներն ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա։ Ուղղակիորեն մասնակցեցին այդպիսի ճնշումների, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների ելք ու մուտքերը։ Սա շատ պարզ մեսիջ էր Վերաքննիչ դատարանին և ապագայում Ռ. Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե որևէ մեկը համարձակվի Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի սրտով չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Փաստաբանի բնորոշմամբ, այս ամենը բիրտ ճնշում էր իշխանական երկու թևերի՝ գործադիրի և օրենսդիրի կողմից, դատական իշխանության վրա, ինչն աննախադեպ երևույթ էր, որն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած դատական ակտ, որը կլինի Քոչարյանի դեմ։
Ըստ նրա, դատախազ Պետրոսյանը, որը բողոքարկել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացրած անձնական երաշխավորությունը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վերջինս դիմել էր ՍԴ և կասեցրել էր գործի վարույթը, երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չէին։
«Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից։ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին՝ իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել և պարտավոր է դրանք թողնել առանց քննության։ Բայց այն ճնշումները, որոնք մենք տեսանք Առաջին ատյանի դատարանում՝ դատական ակտերը կայացնելուց հետո, բոլորիս հայտնի է, որ Վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ է պատկերացնում, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի, եթե կիրառի օրենքը։ Իսկ օրենքն ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության։ Վերաքննիչ դատարանի դատավորը կդառնա թիրախ նույն կերպ, ինչպես դարձավ Դավիթ Գրիգորյանը»,- շեշտեց Հ. Ալումյանը։
Փաստաբանը նաև հավելեց, որ չափազանց մտահոգիչ է, նաև՝տարօրինակ, որ երկու բողոքներն էլ հայտնվել են միևնույն դատավորի վարույթում։ Իսկ եթե իրենց փորձում են համոզել, որ գործերի մակագրումը տեղի է ունենում համակարգչի միջոցով՝ պատահականության սկզբունքով, ապա ավելի քան տարօրինակ է, որ բողոքները հայտնվել են այնպիսի դատավորի մոտ, որը մշտապես փաստաբանների կողմից վարկանիշավորման գործընթացում ամենացածր տեղում է եղել։
«Փաստաբանները մշտապես բարձրաձայնել են, որ տվյալ դատավորը մշտապես եղել է Դատախազության ցանկությունները կատարող»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել Վերաքննիչ քրեական դատարան և պահանջել տրամադրել ընթացակարգի հետ կապված տեղեկություններ, թե ինչպես է եղել, որ երկու բողոքն էլ հայտնվել է նույն դատավորի մոտ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան