Huawei-ն արտաքսել է ամերիկացի գործընկերներին. Financial Times
Չինաստանի Huawei ընկերությունն իր աշխատակիցներին հրաման է տվել դադարեցնել խորհրդակցություններն ԱՄՆ-ի գործընկերների հետ, ինչպես նաեւ ամերիկացիներին հայրենիք է վտարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի կեսերին Չինաստանի ընկերությունը մտցրեց սեւ ցուցակի մեջ: Այդ մասին հայտնել է Financial Times թերթը:
Ինչպես թերթում հրապարակված հարցազույցում հայտնել է ընկերության ռազմավարության գլխավոր մշակող Դան Վեն Շուանը, ամերիկացի բոլոր այն քաղաքացիները, որոնք աշխատում էին հետազոտությունների եւ մշակումների բնագավառում Huawei-ի կենտրոնակայաններում, հետ են ուղարկվել ԱՄՆ երկու շաբաթ առաջ: Ըստ որում ընկերությանը սեւ ցուցակում ներառելու լուրն ստացվել է խորհրդակցության ժամանակ, որն շտապ կարգով դադարեցրել են, իսկ բոլոր ամերիկացի քաղաքացիներին խնդրել են վերցնել իրենց համակարգիչները, անջատվել ցանցից եւ հեռանալ Huawei-ի շենքից:
Նշվում Է, որ ընկերությունը նաեւ մի քանի օր է վատնել Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցչությունների համատեղ աշխատանքում փոփոխություններ մտցնելու համար, որպեսզի լիովին երաշխավորի, որ նրանց աշխատանքը չի հակասում սահմանված կանոններին: Դրա հետ մեկտեղ, Դան Վեն Շուանի խոսքով՝ Huawei-ը նաեւ սահմանափակում է համագործակցության ընդլայնումն ընկերության աշխատակիցների եւ ամերիկացի քաղաքացիների միջեւ, իսկ իրենց արտասահմանյան գրասենյակների բոլոր այցելուներին ստուգում է ամերիկյան անձնագրերի առկայության առումով եւ նախազգուշացնում ԱՄՆ-ից սերածների հետ չվարել տեխնոլոգիաներին վերաբերող մասնավոր զրույցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: