Լոլիկները Արիանա Գրանդեին խանգարեցին կատարել համաշխարհային շրջագայությունը
Ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեն հետաձգել է իր մի քանի համերգները համաշխարհային շրջագայության շրջանակում՝ լոլիկից հանկարծակի առաջացած ալերգիայի պատճառով: Այդ մասին նա հայտնել է իր Instagram-օգտահաշվում: Երգչուհին պարզաբանել է, որ ալերգիկ ռեակցիայի պատճառով ուռել է կոկորդը, բայց ինքն արդեն ապաքինվում է: Գրանդեն նաեւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար եւ խոստովանել, որ մինչեւ այժմ էլ այն զգացողությունն ունի, ասես կակտուս է կուլ տվել:
«Ավելի անարդար ոչինչ չկա, քան լոլիկից ալերգիայի հայտնվելը իտալացի կնոջ մոտ»,-վրդովվել Է Գրանդեն: Նրան զարմացրել է, որ մթերքի նկատմամբ նման ռեակցիան ի հայտ է եկել միայն 25 տարեկանում: Արիանա Գրանդեն կինոյի եւ թատրոնի դերասանուհի է, փոփ-երգչուհի եւ ֆոտոմոդել:
Փետրվարի 8-ին նա թողարկել է Thank U, Next հինգերորդ ստուդիական ալբոմը, որը բաղկացած է 12 թրեքից: Նույն օրը թողարկվել է նրա Break Up with Your Girlfriend, Iʼm Bored հոլովակը որը մեկ շաբաթում հավաքել է ավելի քան 61 մլն դիտում: 2018 թվականի նոյեմբերին Գրանդեն տարվա կին է ճանաչվել Billboard հանդեսի վարկածով: