Սիրուշոն երգել է հանրահայտ հույն երգչի համերգին
Հունաստանում գտնվելու ժամանակ երգչուհի Սիրուշոն, հույն երգիչ Սակիս Ռուվասի հրավերով ելույթ է ունեցել վերջինիս մենահամերգին: Հունական Միկոնոս կղզում տեղի ունեցած համերգին Սիրուշոն կատարել է «Եվրատեսիլ»-ի` «Քելե-քելե»-ն:
Սիրուշոն տպավորություններով կիսվել է «Facebook»-ի իր էջում. «Սակիս Ռուվասն արդեն քսան տարի պահպանում է առաջատարի իր դիրքերը: Շատ շոյված եմ, որ հրավիրված էի մասնակցելու: Այս մեծ համերգին որպես հյուր ներկայանալը եւ ինձ արդեն հարազատ դարձած հույն հանդիսատեսի հետ հանդիպումը կարեւոր իրադարձություն էր, որն ինձ տվեց նոր լիցքեր»:
Նշենք, որ Սակիս Ռուվասը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցել է 2004 թ.-ին «Shake It» եւ 2009թ.-ին «This Is Our Night» երգերով: 2006թ.-ին Հունաստանում կայացած «Եվրատեսիլ»-ին հանդես է եկել որպես հաղորդավար: Այդ տարի, երբ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Անդրեն, Սիրուշոն եղել է պատվիրակության կազմում: Հույն երգիչն ու հայ երգչուհին մինչ այս համերգը միմյանց հանդիպել են «Եվրատեսիլ»-ի շրջանակում տեղի ունեցած միջոցառումներին եւ 2009թ.-ին` «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ: