«Այս ամբողջ գործընթացից Գագիկ Ծառուկյանը շատ հեշտ ազատվելու մի ելք ունի»

Իրենց գրասենյակում հրավիրած ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործը մերժելու իրենց բողոքարկմանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ ի սկզբանե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հրապարակային հայտարարության մեջ նշել էր, որ այս իրավական գործընթացը կարող է դիտվել՝ որպես քաղաքական, սակայն ինքն ուզում է, որ շատ հստակ լինի այն, որ քաղաքականության հետևում հանցագործություններ թաքցնելու պրակտիկան ՀՀ քաղաքացիները որոշում են թիկունքում թողնել։

«Պետք է անցած լիներ այն ժամանակը, երբ հանցագործները հավաքվում են, ստեղծում տարբեր քաղաքական միավորումներ, այդ միջոցով արտոնություններ փախցնում, թաքնվում քրեական հետապնդումից և որևէ անհարմար իրավիճակում սկսում բղավել, որ իրենց քաղաքական հետապնդման են ենթարկում»,- ասաց Միքայել Նահապետյանը՝ շեշտելով, որ այն, որ իրավական բացեր կան, իրենց խնդիրը չէ, որովհետև ՀՀ քաղաքացիները վճարել են, որ իրավական բացեր չլինեն։

Վերջինս վստահ է, որ իրավական բացերը պատճառ չեն լինելու, որ իրենք մոռանան այս խնդրի մասին, քանի որ մի օր իրավական ընթացակարգերը հստակեցվելու են, և այդ ժամանակ իրենք կրկին կդիմեն։

«Այս ամբողջ գործընթացից Գագիկ Ծառուկյանը շատ հեշտ ազատվելու մի ելք ունի՝ պատգամավորական մանդատը վայր դնելը, և դրանից «Բարգավաճ Հայաստանի» կշիռն ավելի կմեծանա, ու նա կշարունակի իր քաղաքական գործունեությունը, եթե այդպիսի այլ քայլեր իրենց թույլ չտան»,- ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին, թե Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ճիշտ չի ընկալվել, քանի որ օլիգարխ նշանակում է՝ իշխանության մարմինների վրա ազդեցության լծակներ, և դրա մակերեսային մակարդակում նա ըստ էության հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը որոշումների կայացման վրա ազդեցություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս