Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցումներ է ակնկալում Վաշինգտոնի կողմից ԳՀՀԾ-ի չկատարումից կորուստների դիմաց
Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցումներ է ակնկալում Վաշինգտոնի կողմից անցյալ տարվա ընթացքում միջուկային գործարքի չկատարումից կորուստների դիմաց: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին, որն այց է կատարել Կատար:
«Մենք նրանցից ակնկալում ենք, առնվազն, հարգանք կնքված (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) – խմբ.) համաձայնագրի նկատմամբ եւ Իրանի կորուստների փոխհատուցումներ անցած տարվա ընթացքում, ինչպես նաեւ գործարքում նրա (Իրանի – խմբ.) իրավունքների հարգում»,- նշել է Արաքչին եւ հավելել, որ Իրանը Վաշինգտոնի կողմից ներկայիս ճնշման պայմաններում չի պլանավորում ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ:
«Իրանում մենք չենք պլանավորում ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: Մենք ճնշման ներքո բանակցություններ չենք վարում՝ ում հետ էլ լինի, եւ դա փաստ է»,- ասել է Արաքչին: Նրա խոսքով՝ Իրանը լսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որն ասել է, թե պատերազմ չի ցանկանում, բայց Թեհրանի համար «կարեւոր են գործողությունները, այլ ոչ թե խոսքը»: