Բաժիններ՝

Բուքմեյքերներն Ալեն Սիմոնյանին մեղադրում են կոնկրետ ընկերության դեմ աշխատելու համար

Ազգային ժողովի առջև բողոքի ակցիա իրականացնող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների մի խումբ խորհրդարանում հանդիպեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և այլ պատգամավորների հետ:

«Գուդվին-Բեթ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Հրահատ Սուքիասյանը նշեց, որ իրենք առաջարկում են փոփոխությունները հետաձգել 1.5 տարով, բայց պարտավորվում են խաղային ապարատները գազալցակայաններից, հանրային նշանակության օբյեկտներից հանել. «Ի՞նչ տարբերություն՝ ինչ ձևով է խաղում՝ խաղադրույք է անում, թե ապարատով է խաղում։ Ապարատներով կազմակերպվող խաղը համարձակ վիճակախաղ է, որը 2015 թ.-ին հաստատվել է Ֆինանսների նախարարության կողմից»։

Բ.Թունյանը հավաստիացրեց, որ առաջարկը կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում։ Նրա խոսքով՝ գրասենյակները 1.5 տարի կկարողանան աշխատել, և գործազրկության հարց այդ ընթացքում չի առաջանա, իսկ այդ ընթացքում մարդիկ պետք է կարողանան նոր իրողություններին հարմարվել։

Հայկ Սարգսյանի հարցին՝ ինչո՞ւ են ցուցարարները փողոց փակել, պատվիրակության անդամները պատճառաբանեցին, որ խնդիրը լուծում չի ստանում։

Սարգսյանի կարծիքով՝ 1 տարի առաջ փողոցներ փակելու և այժմ փողոց փակելու ակցիաներն անհամեմատելի են, քանի որ իրադրությունն այլ է, այն ժամանակ իշխանությունները չէին լսում քաղաքացիներին, իսկ հիմա թե՛ վարչապետն է լսում, թե՛ պատգամավորները։

«Մինչև էսօր՝ անարդյունք»,- հակադարձեցին բուքմեյքերների ներկայացուցիչները։

«Էդ որ անունը դնում եք՝ հարց ենք լուծում, արդյունքը զրո ա։ Ինտերնետը չեք արգելում, անունը դնում եք՝ խաղամոլության դեմ պայքար, դա լուրջ չի»,- ասաց Սուքիասյանը՝ օրինագծի հեղինակ Ալեն Սիմոնյանին մեղադրելով կոնկրետ ընկերության դեմ աշխատելու համար։

Բ.Թունյանը նշեց, որ Ա.Սիմոնյանն իրավունք ունի օրենքի ցանկացած նախագիծ ներկայացնելու, հանձնաժողովն էլ՝ մանրամասն քննարկելու և բոլոր կողմերին լսելու։

«Ալեն Սիմոնյանը, երբ էդ բիզնեսով զբաղվում էր շուտ, հիմա մեր հետ կլիներ, եթե էս վիճակը էն ժամանակ լիներ»,- նկատեց ցուցարարների պատվիրակներից մեկը։

Բ.Թունյանը կրկնեց, որ առաջարկը կքննարկեն, իրավական հարցերն էլ կպարզաբանեն, շփումների անհրաժեշտության դեպքում դա էլ կկազմակերպեն։

Օրենքի նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Բողոքի ակցիաների մասնակիցները վստահ են՝ բուքմեյքերական գրասենյակների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվելու:

Լրագրողների հետ զրույցում «Գուդվին-Բեթի» տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտարարեց, որ ընկերությունը կիսում է վարչապետ Փաշինյանի մտահոգությունները խաղամոլության հետ կապված և գնում է կրճատումների՝ ապարատները տեղակայելով միայն իրենց բուքմեյքերական գրասենյակներում.

«Այդ գործընթացը սկսված է, շուրջ 100-ից ավելի ապարատներ արդեն տեղափոխվել են»։

Ըստ նրա՝ նախագիծը  ծառայում է կոնկրետ նպատակի, սակայն օրինագծի հեղինակի շահագրգռության որևէ փաստ չի կարող նշել։

168.am-ն ամիսներ առաջ հրապարակում էր պատրաստել այն մասին, թե ում շահերից է բխում օրենքի այս նախագիծը։

Օրենքի այս նախագիծը խոշոր ընկերությունների լուրջ շահերի հետ է առնչվում։ Եթե նույնիսկ գրասենյակները փակվեն ՀՀ տարածքում, դա չի նշանակում, թե սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։ Իրականում, մարդիկ շարունակելու են խաղալ արդեն միայն օնլայն տիրույթում, ինչը շատերն անում են՝ առանց բուքմեյքերական գրասենյակներ այցելելու՝ համակարգչով կամ հեռախոսներով։ Օրենքի նախագծի հեղինակների պատճառաբանությունն այն է, որ ժողովուրդը գնում է բուքմեյքերական գրասենյակներ, կրվում: Ոլորտի ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ սա հարցի լուծում չէ, մարդիկ հնարավորություն են ունենում օնլայն տիրույթում նույնը խաղալ:

Ըստ այդ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, կստուգվի մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում կարգելվեն խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար կսահմանվի պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:

168.am-ն անդրադառնալով խնդրին՝ գրել է, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագիծն իրականում բարենպաստ պայմաններ է ստեղծում ՀՀ-ում առցանց և բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ամենախոշոր՝ «Վիվառո» ընկերության համար, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում:

«Վիվառոյի» հիմնադիրներ Վիգեն և Վահե Բադալյան եղբայրները խոշոր աջակցություն են ցուցաբերել Փաշինյանի «թավշյա» հեղափոխությանը՝ ոչ միայն ֆինանսապես են աջակցել, այլև ֆեյքային ֆաբրիկաների գործադրմամբ։ Բուքմեյքերական գրասենյակների փակվելու և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հասանելիությունն արգելելու արդյունքում՝ լիակատար պայմաններ են ստեղծվում «Վիվառոյի» համար՝ մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն։ Ավելին, լուրեր են շրջանառվում, որ ի սկզբանե Ա. Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը գրվել է հենց «Վիվառոյի» իրավաբանների կողմից և բխում է հենց նրանց շահերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս