«Չելսի»-«Արսենալ». Եվրոպայի կարևորագույն եզրափակիչներից առաջինը
Եվրոպայում սկսվում են մաքուր անգլիական եզրափակիչները, որոնք նպատակ ունեն պարզելու, թե որոնք են Եվրոպայի ամենաուժեղ ակումբները: Պայքարը կսկսվի Եվրոպա լիգայի եզրափակչից, որտեղ կմրցի «Չելսի»-«Արսենալ» զույգը:
Վերջին 7 խաղերում «Արսենալը» միայն մեկ անգամ է պարտվել «Չելսիին», սակայն արդյո՞ք «Արսենալը» կարող է հաջողության հասնել Եվրոպայի լիգայի եզրափակչում և մյուս մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Ո՞վ կլինի ավելի ուժեղ:
«Չելսի»
«Չելսին» մեծ հույսեր էր կապում Մաուրիսիո Սարիի հետ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ և, ընդհանրապես, իտալացի մասնագետի աշխատանքը կարելի է անվանել հաջողակ, քանի որ «թոշակառուները» մրցաշրջանն ավարտեցին Պրեմիեր Լիգայում երրորդ տեղում և մյուս տարի կմասնակցեն Չեմպիոնների լիգային:
Չեմպիոնական պայքարին «Չելսին» չմասնակցեց: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլին» Սարիի թիմը զիջեց 25 միավորով: Սակայն Չեմպիոնների լիգայի գոտում հայտվելը լավագույն քառյակի համար մղվող դաժան պայքարից հետո կարելի է հաջողություն համարել:
Եվրոպական լիգայում «Չելսին» առանձնապես խնդիրներ չունեցավ: Ակումբը բավականին հեշտ անցկացրեց խմբային փուլը՝ առանց խնդիրների հաղթելով «Մալմոյին» և «Դինամո» Կիևին:
Չկարողացավ ստեղծել սենսացիա նաև Չեխիայի «Սլավիան» քառորդ եզրափակչում: Միակ ակումբը, որի հետ դժվարություններ ունեցավ Սարիի թիմը, «Այնտրախտն» էր, որին լոնդոնցիները կարողացան շրջանցել միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածներով:
Այս խաղին վնասվածքների պատճառով չեն մասնակցի Անտոնիո Ռուդիգերը, Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Նգոլո Կանտեն և Կալում Հադսոն-Օդոին:
«Արսենալ»
«Արսենալը», ի տարբերություն եզրափակչում իր մրցակցի, չկարողացավ մինչև վերջ լավ հանդես գալ Պրեմիեր լիգայում: Ունայի Էմերիի թիմն ավարտեց մրցաշրջանը ընդամենը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում:
Չորորդ տեղը զբաղեցրած «Տոտենհեմին» լոնդոնցիները զիջեցին միայն մեկ միավոր, և հիմա մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու համար Էմերիի թիմը պարտավոր է հաղթել Եվրոպայի լիգայի եզրափակչում:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆերում «Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին (3:0), «Ռեննին» (3:0) և «Նապոլիին» (2:0) սեփական հարկի տակ, սակայն, օրինակ, նույն ԲԱՏԷ-ին մրցակցի հարկի տակ պարտվեց՝ 1:0 հաշվով:
Առաջինը ԲԱՏԷ-ն էր, ով առաջին խաղում կարողացավ անակնկալ հաղթանակ տոնել: Սակայն երկրորդ խաղում լոնդոնյան ակումբը կարողացավ լավ խաղ ցուցադրել և հաղթել 3:0 հաշվով:
Հետո լոնդոնցիները 1:3 հաշվով պարտվեցին «Ռենին», բայց կարողացան ռևանշ վերցնել տանը՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ:
Սակայն լոնդոնյան թիմը բավականին հաջող էր ուժեղ մրցակիցների՝ «Նապոլիի» և «Վալենսիայի» հետ չորս խաղերում էլ:
Առհասարակ «Արսենալը» բավականին հանգիստ դուրս եկավ խմբից, չպարտվեց ոչ մի խաղում, և ոչ մի մրցակից այդպես էլ չկարողացավ մրցակցություն ստեղծել Ունայի Էմերիի թիմի համար: Միայն «Սպորտինգն» էր, որ պայքարեց և կարողացավ խլել միավորներ լոնդոնյան թիմից՝ գոլազուրկ ոչ-ոքիի միջոցով:
Այս հանդիպմանը լոնդոնցիները մոտենում են կորուստներով: Դրանցից ամենամեծը, թերևս, հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է, ով մարզավիճակի և ֆիզիկական վիճակի հետ խնդիրներ չունի, բայց չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Եզրափակչին չի մանակցի Աարոն Ռեմսին, ով հեռանում է ակումբից, և երկար ժամանակ վնասվածքներ ունեցող Հեկտոր Բելերինը և Դենի Ուելբեքը:
Երկու թիմերն էլ չկարողացան շատ լավ հանդես գալ Պրեմիեր լիգայում և խաղադրույք են կատարել Եվրոպա լիգայի վրա: Այս եզրափակչում հաղթելը կարող է ծածկել մրցաշրջանի բոլոր ձախողումները: Պրեմիեր լիգայի եզրափակիչ հատվածում «Չելսին» շատ ավելի կայուն էր, քան «Արսենալը», ինչն արտացոլվեց մրցաշարային աղյուսակում:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ «զինագործների»՝ Եվրոպա լիգայի մրցակիցները շատ ավելի բարդ էին, քան «թոշակառուներինը»: Բացի այդ, Ունայի Էմերիի թիմն ունի հաղթելու ավելի մեծ մոտիվացիա, քանի որ շատ է ուզում խաղալ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև թիմի ֆուտբոլիստներից շատերը խոստացել են հաղթել եզրափակիչը Մխիթարյանի համար:
«Արսենալը» շատ թույլ է խաղում պաշտպանական գծում, բայց նրանք ունեն հզոր և արդյունավետ հարձակման գիծ, և դա հենց այս պայքարում կլինի թիմի հիմնական զենքը: «Չելսին» նույնպես չունի իդեալական պաշտպանություն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս խաղում երկրպագուները տեսնելու են շատ գոլեր:
Մրցաշրջանի երկու կարևորագույն եզրափակիչներից մեկը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան