Բաժիններ՝

ԱԺ-ի մոտ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները փակել են ճանապարհը՝ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահի հետ

Օրերս ՀՀ  կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագիծը։ Օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, այն չի ներառում օնլայն ծառայությունները:

Այս նախագծից դժգոհ են բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները, որոնց կարծիքով՝ նախագիծն ընդունվելուց հետո ոլորտում կիշխի մենաշնորհը։

Հաշվի առնելով այս հանգամանքը, «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցներն այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:

«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանի խոսքով՝ կիսելով վարչապետի մտահոգությունները բուքմեյքերական ընկերությունների վերաբերյալ, պատրաստակամություն են հայտնել գազալցակայաններից և այլ վայրերից հանել բուքմեյքերական տերմինալները, սակայն այս գործընթացը որևէ դրական ազդեցություն չի ունեցել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծի քննարկման կամ այն փոփոխության ենթարկելու վրա։

«Այս ամենը կառուցողական որևէ նշանակություն չի ունեցել։ Այսօր մեր ինքնաբուխ հավաքի պահանջն է՝ հնարավորություն տալ ոլորտը կարգավորելու, գտնելու այն ոսկե միջինը, որը չի վնասի աշխատող մարդկանց։ Բայց մայիսի 23-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ պարոն Թունյանի գլխավորությամբ, Ալեն Սիմոնյանի նախագիծը ստացավ դրական եզրակացություն, որը գրեթե հավասար էր աբսուրդի։

Սրանով խախտվում է լիցենզավորման մասին օրենքը, այն դրույթով, երբ Տնտեսական հարցերի հանձնաժողովում ասում են, որ էլեկտրոնային սարքավորումների միջոցով կազմակերպվող վիճակախաղերն օրենքն ընդունելուց 10-օրյա ժամկետում պետք է կասեցվեն։ Սա կոպիտ խախտում է, քանի որ էլեկտրոնային սարքավորումների միջոցով կազմակերպվող վիճակախաղերն այս ընկերության համար լիցենզիայի պայման է»,- ասաց Ս. Միքայելյանը։

Ըստ նրա՝ սրանով կազմակերպվում է նեղ անձնական շահը սպասարկող նախագծի իրականացնում, ավելին՝ նախագծով հնարավոր չէ պայքարել խաղամոլության դեմ, քանի որ, եթե փակում են վիճակախաղերը, ապա պետք է փակեն բոլորը։

«Եթե ասեն, որ փակում են բոլորը, ապա հավաքվածներն այլևս ասելիք չեն ունենա, ու բոլորս կգնանք տուն՝ հասկանալով, որ մեր երկրում այլևս խաղալու հնարավորություն չկա՝ խաղատներում, օնլայն խաղատներում, խաղային ավտոմատներով և այլն։ Այս նախագծի նպատակը ժողովրդին անտեր ու դուրս թողնելն է, որ հետո ասեն՝ գնացեք, դարձեք նպաստառու, գնացեք արտերկիր, գողություն ու մուրացկանություն արեք։ Նախագծի հեղինակին այս ժողովուրդը տեսնել չի ուզում։ Պահանջում ենք ԱԺ նախագահի կամ նրա ներկայացուցչի հետ հանդիպում, որի ընթացքում կլինի առողջ քննարկում»,- հավելեց նա։

Նշենք, որ նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Նաիրա Զոհրաբյանը և Սիփան Փաշինյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը տեղ հասցնելու համար փակեցին ճանապարհը

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս