«Գարնանային» ախտանիշ

Երբեմն թվում է, թե երեխան, գարունն ու դեպրեսիան անհամատեղելի հասկացություններ են: Եվ վերջապես, մեր փոքրիկներն ինչո՞ւ պետք է տխրեն, չէ՞ որ դրսում արեւ է, օրերն էլ երկարել են… Բայց իրականությունը փոքր-ինչ այլ է: Գարնան շեմին երեխայի մոտ սկսում ենք նկատել հոգնածություն, ծուլություն ու քնկոտություն:

Նման դեպքերում, եթե բժիշկը հավաստում է, որ երեխան ֆիզիկապես առողջ է եւ առողջական խնդիրներ չունի, ուրեմն նրա պահվածքը կարող է կապված լինել գարնանային դեպրեսիայի հետ: Տարվա եղանակների իրար հաջորդումը, հատկապես գարնան գալը, ազդում է բոլոր մարդկանց վրա` թե մեծահասակների, թե երեխաների: Երեխաներին, որոնց օրգանիզմն ավելի փխրուն է, երկու անգամ ավելի դժվար է տանել եղանակային փոփոխությունները:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «գարնանային» ախտանիշով հիմնականում տառապում են աղջիկ երեխաները, իսկ տղաները կարող են «վարակվել» նրանցից: Գարնանային դեպրեսիայի ֆոնի վրա երբեմն ֆիզիկական հիվանդության նշաններ են ի հայտ գալիս: Բայց երբ երեխային բժշկի մոտ ենք տանում, ստանում ենք «ոչ մի խնդիր չկա, երեխան առողջ է» պատասխանը: Իհարկե, սա չի նշանակում, որ երեխային պետք չէ տանել բժշկի, քանի որ դեպրեսիայի բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել այլ հետեւանքների:

Երեխաների մոտ ախտանիշի արտահայտությունը կախված է նաեւ նրանց տարիքից: Նախադպրոցականների մոտ սովորաբար փոխվում է վարքը` շարժուն ու կենսուրախ երեխան անսպասելի դառնում է ինքնամփոփ, հրաժարվում է իր ամենասիրելի խաղալիքներից ու ուտելիքից, հաճախ առանց պատճառի սկսում է լաց լինել, վախենում է մնալ առանց ծնողների, վատ է քնում: Իսկ հանգիստ ու դանդաղաշարժ երեխաների մոտ տեղի է ունենում ընդհակառակը` նրանց մոտ նկատվում է ակտիվացում:

Կարդացեք նաև

Կրտսեր եւ միջին դպրոցական տարիքի երեխաների մոտ գարնանային դեպրեսիան անդրադառնում է ուսման ու դասերի վրա: Ուսուցիչների խոսքերով, աշակերտների մոտ նկատվում է հետաքրքրությունների բացակայություն, նրանք ցանկանում են միայն զվարճանալ:

Իսկ դեռահասների մոտ, իհարկե, տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք կարող են լինել ամենատարբեր բնույթի: Այս տարիքային խմբի երեխաներին պետք է հատուկ ուշադրություն հատկացնել: Քանի որ էմոցիոնալ նման վիճակը, հեռուստատեսության ազդեցությունը, փողոցն ու հասակակիցների օրինակը կարող են հանգեցնել լուրջ նեւրոզների, որոնք էլ իրենց հերթին կազդեն երեխայի հոգեկանի վրա: Սա հիմնականում վերաբերում է անապահով ընտանիքների երեխաներին կամ այն ծնողներին, որոնք անտարբերություն են ցուցաբերում իրենց երեխաների հանդեպ:

Գարնանը պետք է հետեւել, որ երեխան դուրս չգա որոշակի ռեժիմի սահմաններից ու տառապի գերհոգնածությունով: Եթե դաս սովորելու հարցում երեխան սկսել է թերանալ, պետք չէ նրան պատժել կամ բարկանալ, պարզապես միառժամանակ դասերը պատրաստելիս՝ նրան օգնեք:

Դեպրեսիայից խուսափել կօգնի նաեւ ճիշտ սնվելը: Չէ՞ որ դա տարվա այն եղանակն է, երբ օրգանիզմին անհրաժեշտ են շատ վիտամիններ: Որոշ երեխաների մոտ, բացի տրամադրության ու վարքի վատացումից, նկատվում է նաեւ ախորժակի անկում, սրտխառնոց, նույնիսկ` ջերմության բարձրացում: Իհարկե, սրանք կարող են լինել նաեւ ուրիշ հիվանդության ախտանիշներ, բայց բժշկի դիմելուց հետո կարելի է եզրակացնել, որ երեխան պարզապես թուլացել է:

Գարնանը երեխաներին շատ օգտակար է հետեւյալ վիտամինային խառնուրդը, որի բաղադրատոմսը շատ պարզ է ու հեշտ պատրաստվող:

Պետք է վերցնել 100-ական գ ընկույզ, չամիչ եւ ծիրանաչիր ու աղալ: Այս ամենին ավելացնել 1 կիտրոնի հյութ եւ 100 գ մեղր, լավ խառնել ու դնել սառնարանում: Այս խառնուրդից տալ երեխային ամեն առավոտ ու երեկոյան 1-ական թեյի գդալ: Այն կարելի է շարունակել ամիսներով:

Իհարկե, երեխաները պետք է ստանան բոլոր տեսակի սննդամթերք` պանիր, ձու, միս, կաթնամթերք, ձուկ, բանջարեղեն եւ միրգ: Գրեթե բոլոր երեխաները շատ են սիրում գազավորված քաղցր ըմպելիքները:

Պետք է հնարավորինս արգելել դրանք: Առաջին հերթին այդ գազը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթն ու կարող է դառնալ գաստրիտի պատճառ: Եվ նաեւ այդ ըմպելիքների յուրաքանչյուր բաժակը պարունակում է 3-4 կտոր շաքար, ինչի շատ գործածությունը հետագայում կարող է ազդել ենթաստամոքսային գեղձի վրա` առաջացնելով շաքարային դիաբետ: Երեխաներին հաճախ գրավում է նաեւ սնվելու ֆաստ-ֆուդային տարբերակը: Գոնե պետք է հետեւել, որ այդ սննդամթերքը բազմազան լինի ու նաեւ մաքուր սանիտարահիգիենիկ պայմաններում:

Պետք է ասել, որ մեծերին եւս անհրաժեշտ է պատրաստվել գարնանը: Օրգանիզմը ձմռան ընթացքում հավաքել է ավելի կիլոգրամներ, ու դրանցից բխող տհաճությունները սկսում են անհանգստություն պատճառել մեզ: «Ինչպես կարգի բերել արտաքինն ու ներքինը» հարցին մասնագետներն ունեն մի պատասխան` կատարել օրգանիզմի հիմնովի մաքրում ու ճիշտ սնվել:

Մասնագետներն առհասարակ գտնում են, որ առողջ մարդուն ոչ մի դիետա ու սննդակարգ պետք չէ: Պարզապես միշտ պետք է հիշել` ուտել այնքան, որ ստացած կալորիականությունը համապատասխանի օրվա ընթացքում ծախսած էներգիայի քանակին: Եթե այս բալանսը պահպանվում է, ապա քաշի տատանումներ առանձնապես տեղի չեն ունենում: Այնպես որ, ձեր սեղանի համար գնումներ կատարելիս հաշվի առեք նաեւ բաղադրության պիտակի գրվածը` ածխաջրերի, սպիտակուցների ու ճարպերի քանակը: Իսկ նրանք, ովքեր ամեն դեպքում ցանկություն ունեն ազատվելու ավելի քաշից, մասնագետների հավաստմամբ, դա պետք է լինի 1 ամսում 2 կիլոգրամից ոչ ավելի: Հակառակ դեպքում օրգանիզմը մեծ վնաս կսկսի կրել:

Տհաճությունների մեծ մասը` վատ ինքնազգացողությունը, հաճախակի մրսածությունները, մաշկի անառողջ գույնը, այտուցներն ու նեւրոզներն ըստ էության պայմանավորված են մեկ պատճառով: Մեզ համար աննկատ, բայց մազանոթները վնասող հարյուրավոր ու հազարավոր աննկատ միկրոսպազմեր են տեղի ունենում մեր օրգանիզմում, որոնք պատճառ են դառնում արյունատար ու լիմֆատիկ համակարգի աշխատանքի խանգարումներին:

Այսօր բժշկության մեջ գոյություն ունի մի ճյուղ` օստեոպաթիան, որը զբաղվում է օրգանիզմի այն համակարգերով, որտեղ տեղի է ունենում սպազմ: Սա այդ մասնագիտության գլխավոր ուղղվածությունն է:

Առաջին հերթին պետք է չնյարդայնանալ: Ժողովուրդն ասում է` բոլոր հիվանդությունների պատճառը նյարդերն են: Բայց պարզ է, որ նյարդերը լոկ ազդանշան են, իսկ օրգանիզմում տեղի ունեցող անհարթությունները տեղի են ունենում այսպես. վախը, ցավը, սթրեսները կարող են առաջացնել լարվածություն մկանային հյուսվածքներում, այսպես ասած` սպազմ: Ժամանակի ընթացքում այդ լարվածությունը` տոնուսը, իր տեղն է ընկնում, բայց միշտ չէ, որ դա այդպես է: Եթե նյարդային ցնցումը ուժեղ է եղել, ապա երբեմն նյարդային լարվածությունը չի թուլանում, ու զարգանում են տարբեր տեսակի խանգարումներ: Իսկ նման երեւույթները, գարնան հետ կապված` էլ ավելի են շատանում:

Առաջարկում ենք մի քանի վիտամինային կոկտեյլի բաղադրատոմս, որոնք մի կողմից՝ բարձրացնում են դիմադրողականությունը, մյուս կողմից՝ հալեցնում են ճարպերը:

  • Կես բաժակ թարմ քամած նարնջի հյութին ավելացնել 2 ճաշի գդալ թուրինջի հյութ ու 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Բաժակի պակաս մասը լրացնել հանքային ջրով ու խմել:
  • Մյուս կոկտեյլը պատրաստվում է բազուկի ու գազարի հյութից` 1/4 բաժակ բազուկի հյութին ավելացնել 1 բաժակ գազարի հյութ: Այս ըմպելիքը շատ էներգիա է հաղորդում, լավացնում մարսողությունը եւ պարունակում է օրգանիզմի համար այնքան անհրաժեշտ B,C,D,E վիտամիններ:

Վերը նշված վիտամինային պատրաստուկը` մեղրով, կիտրոնով, չամիչով, ծիրանաչրով ու ընկույզով, շատ օգտակար է մեծերի համար եւս:

Կիտրոնը կարելի է փոխարինել նաեւ սեւ սալորաչրով: Այն լավացնում է սրտի ու ընդհանրապես անոթների աշխատանքը:

Այնպես որ, այնքան էլ դժվար չէ գարնանը պահպանել գերազանց տրամադրությունն ու առողջությունը: Պարզապես պետք է ցանկություն ունենալ, ճիշտ սնվել ու շատ ժպտալ:

Սուսաննա Ազատյան
27.02.2009
«168 Ժամ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս