Բաժիններ՝

«Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու». Կկառուցվի  Հայաստանի  Առաջին Հանրապետության առաջին հերոսի հուշաղբյուրը

Դիլիջանում կկառուցվի  Հայաստանի  Առաջին Հանրապետության առաջին հերոսի՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի հուշաղբյուրը:

«1918 թվականին Դիլիջանում խորհրդակցության ժամանակ գնդապետ Թ.Նազարբեկովը զորքին կարգադրում է նահանջել Ղարաքիլիսայի ճակատում և հրետանին թաքցնել Սևանի ավազանում:  Խորհրդակցությանը ներկա Գուրգեն Տեր-Մովսիսյանն այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում. «Ես չեմ հնազանդվի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ հետևից գա»։

Նրան է միանում վիրավոր Գ.Նժդեհը: 25 հոգանոց վաշտը Գուրգեն Տեր-Մովսիսյանի գլխավորությամբ հրետակոծում է առաջխաղացող թուրքական բազմահազար զորքերի դիրքերը և գրոհում: Այսպիսով ապահովում են թե՛ Բաշ-Ապարանում, թե՛ Սարդարապատում ընթացող պատերազմի հաղթանակը: Այդտեղ էլ զոհվում է Գուրգեն Տեր-Մովսիսյանը: Հերոսի դին հուղարկավորում են Դիլիջանում՝ եկեղեցու բակում: Կոմունիստների ժամանակ վերացնում են և՛ եկեղեցին, և՛ գերեզմանը: Եթե նա չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստան, հնարավոր է՝ չունենայինք: Մոռացել ենք 1918 թվականի մեր հերոսին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆիդայիներ» հ/կ նախագահ Սեյրան Չիլինգարյանը:

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս