«Արևմուտքի հետ առճակատման գործընթացում Ռուսաստանն ակնկալում է իր դաշնակիցների հստակ դիրքորոշումը». Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական փորձագետ Հայկ Խալաթյանի խոսքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ խորանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը և Ռուսաստանն ակնկալում է, որ իր դաշնակիցներները հստակ կարտահայտեն իրենց դիրքորոշումները:
«Նախկինում Հայաստանին հաջողվում էր, այսպես ասած, խույս տալ և հստակ դիրքորոշում չհայտնել, ինչը հաճախ դժգոհությունների տեղիք է տվել: Երբ խոսում ենք ռուսաստանցի առանձին քաղաքական գործիչների ու փորձագետների հետ, նրանք պարզ ասում են, որ այս ամենի վերաբերյալ ակնկալել են Հայաստանի հստակ դիրքորոշում»,- այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան նոր հեռանկարներ փնտրելիս» քննարկման ժամանակ ասաց Հայկ Խալաթյանը:
Նրա խոսքով, դժվար է ասել, թե որքանով ՀՀ ներկայիս իշխանություններին կհաջողվի վայրել այս քաղաքականությունը՝ չհայտնել հստակ դիրքորոշում:
«Մենք տեսանք, որ Հայաստանը Սիրիա զորախումբ ուղարկեց, ինչը դրական ընդունվեց Ռուսաստանի կողմից, բայց խնդիրներ կարող են լինել: Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր իշխանություններին կհաջողվի շարունակել այս քաղաքականությունը՝ հստակ չբռնել Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմը, քանի որ յուրաքանչյուր ընտրություն կարող է որոշ խնդիրներ առաջացնել մեր երկրի համար»,- ընդգծեց փորձագետը:
Ըստ նրա, այսօր շատ հետաքրքիր զարգացումներ են ընթանում Ռուսաստանի և Բելառուսի միջև, որտեղ նկատելի է, թե ինչպես է Ռուսաստանի վարած քաղաքականությունը փոխվում իր դաշնակիցների նկատմամբ: Նախկինում Ռուսաստանը պատասրտ էր օգնել իր դաշնակիցներին՝ հաճախ չակնկալելով հստակ գործողություններ:
«Բելառուսի դեպքում Ռուսաստանն այսօր հստակ ասում է, եթե մենք ինչ-որ բան ենք տալիս, ապա ի պատասխա ինչ-որ բան պետք է անեք: Բելառուսն այսօր դիմադրում է, բայց թե որքան կդիմադրի՝ կտեսնենք առաջիկայում: Բայց ըստ իս, երկար չի դիմադրի, քանի որ այն շատ է կախված Ռուսաստանից: Այս ամենից հստակ կերևա նաև Հայաստանի ապագան»,- շեշտեց Հայկ Խալաթյանը:
Զվարթ Խաչատրյան