«Դրսի որևէ ուժ չպետք է Հայաստանում դիրիժորություն անի». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ դատարանների մուտքերն արգելափակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն իր կողմից իրավունքների սահմանազանցում էր, և ՀՅԴ հանրահավաքն ուղղված էր նրան, որ երկրում պահպանվի սահմանադրական կարգը, և պետական ինստիտուտները չկազմաքանդվեն: 168.am-ի հետ զրույցում Լ.Գալստյանը նշեց, որ ՀՅԴ-ն շատ է խոսել դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության մասին և, եթե կա իսկապես արդարության ու ճշմարտության հասնելու ազնիվ մղում, իհարկե, դրանք պետք է իրականացվեն, բայց գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ գործիքներով, և արդյո՞ք այսօր գործող Սահմանադրությունը, օրենսդրական դաշտը, դատաիրավական ինստիտուտները թույլ չեն տալիս իրականացնել այդ բարեփոխումները, արդյո՞ք հաշվարկված են այն բոլոր ռիսկերը, որ հասարակությանը նոր ցնցումների չեն տանի:

«Անցումային արդարադատությունը հիմնականում կիրառվել է այն երկրներում, որտեղ մասսայական բռնությունները, միջցեղային պատերազմներն ուղղակի կազմաքանդել են պետությունը»,- ասաց Լ.Գալստյանը:

Ըստ նրա՝ ամբողջ պատմության մեջ կա երկու կարևոր հարց՝ Արցախը և երկրի սուվերենությունը: Լ.Գալստյանի խոսքով՝ դրսի որևէ ուժ չպետք է Հայաստանում դիրիժորություն անի:

Մեր հարցին, թե ո՞վ է անում դիրիժորություն, ՀՅԴ ԳՄ անդամը պատասխանեց, որ խոսում է ռիսկերի մասին, բայց հայկական փորձագիտական միտքն ունի այն ներուժը, որ գործընթացը լինի սուվերեն, «մեր ձեռքերով մաքրենք»:

ԱԺ լսումներին մասնակցող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարենցայի ելույթը Լ.Գալստյանը «շատ միջակ» մասնագետի ելույթ որակեց, իսկ նրա մատուցած տեղեկատվությունը ցանկացած կայքում կարելի է գտնել. «Ես մնում եմ այն տեսակետին, որ մեր երկրում խաղի կանոնները մենք պետք է սահմանենք»:

Տեսանյութեր

Լրահոս