«Սխալ էր դատարանների գործունեությանը խոչընդոտելը, հիմա Դուք ասում եք, որ միջամտություն չի՞ եղել». Փաստաբանը՝ արդարադատության փոխնախարարին
Խորհրդարանում ընթացող անցումային արդարադատությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Թամարա Յայլոյանն Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ երաշխիքներ ունեն, որ անցումային արդարադատության համար կընտրվի ճիշտ գործիքակազմ։
Փաստաբանը հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը, թե ով դժգոհ է դատավորների դատավճիռներից՝ կարող են իրենց բողոքները ներկայացնել Ազգային ժողովին։
«Հարգելիներս, եթե այդպես ենք դիտարկում, ապա դատավարության ընթացքում կողմերից մեկը միշտ էլ դժգոհ է լինում, եթե բոլոր դժգոհողներին պետք է ուղարկենք խորհրդարան, ո՞վ է որոշելու՝ դատավորի կողմից կայացրած վճիռը ճի՞շտ է, թե՞ ոչ»,- հարցրեց փաստաբանը։
Աննա Վարդապետյանը չմեկնաբանեց Լենա Նազարյանի հայտարարությունը՝ համարելով այն քաղաքական:
«Արդեն մեկ տարի է՝ գործադիր մարմինը հստակ հայտարարել է, որ որևէ միջամտություն չի ցուցաբերում դատական համակարգին, նույն կերպ որևէ գործողություն չի դրսևորվել օրենսդիր մարմնի կողմից։ Իսկ հայտարություններ մեկնաբանելը, իրավական գործիքակազմի տեսանկյունից, այս պահին դժվար է, ավելի շուտ՝ անհնար։ Ես չեմ հասկանում Ձեր հարցը, ի՞նչ եք ակնկալում ինձանից»,- ասաց Ա. Վարդապետյանը։
Արձագանքելով՝ Թամարա Յայլոյանը շեշտեց՝ վերջապես նման հայտարարություն արել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, ո՞րն է երաշխիքը, որ հետագայում նման սխալներ չեն կրկնվի։
«Կարծում եմ՝ այդ հայտարարությունը սխալ էր, ինչպես նաև սխալ էր դատարանների գործունեությանը խոչընդոտելը, հիմա Դուք ասում եք, որ միջամտություն չի՞ եղել։ Երևի թե սա էլ է անցումային արդարադատության գործիքակազմերից մեկը՝ ըստ վարչապետի»,- հավելեց փաստաբանը։
Փաստաբանի դիտարկումն այդքան էլ դուր չեկավ արդարադատության փոխնախարարին, ով հայտարարեց՝ խորհրդարանում հավաքվել են հանրային քննարկումների համար։
Զվարթ Խաչատրյան