«Չես էլ իմանում՝ բիզնեսմենից վերցրած էդ միլիարդն ո՞ւր մտավ՝ բյուջե՞ մտավ, բարեգործական հիմնադրա՞մ մտավ». Գեղամ Մանուկյան
Քիչ առաջ ավարտվեց Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում, որի ընթացքում կուսակցությունն իրեն հռչակեց ընդդիմություն ու դեղին քարտ ցույց տվեց իշխանությանը։
«Անցած տարի ապրիլին, երբ սկսվեց ժողովրդական շարժումը, մենք ողջունեցինք այն, որը մեզ պետք է տաներ սիրո և հանդուրժողականության, միասնականության հանգրվան, և մեր Հայաստանն ավելի հզոր դարձնեինք: Կարճ ժամանակ անց սկսեցին կասկածներ առաջանալ: Չկա սեր և հանդուրժողականություն, կա բացահայտ ատելության մթնոլորտ, որը սերմանվում է ոչ թե հակահեղափոխականների, այլ իշխանությունների կողմից: Հայտարարում ենք, որ Դաշնակցությունն արդեն ունի իր օրակարգը, որն է՝ լինել առանցքային ընդդիմություն, շտկել իշխանության սխալները, թույլ չտալ ռուբիկոնն անցնել: Այսօր մենք եկել ենք դեղին քարտերով:
Դաշնակցությունը դավադիր չի նստում և սպասում, որ իշխանությունը ձախողվի, որովհետև այս իշխանությունների ձախողումը մեր ժողովրդի, պետության ձախողումն է»,- ելույթում ասաց բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նա ազդարարում էր երկրորդ հեղափոխության մասին:
«Մի քանի օր առաջ լսեցինք, որ հեղափոխության երկրորդ փուլը դատաիրավականն է, բայց մի քանի ամիս առաջ մեզ ասում էին, որ տնտեսական հեղափոխություն են անելու: Դեռ անցած տարվա աշնանը մեր ժողովրդին համոզում էին, եթե չլուծարվի-չգնա նախկին խորհրդարանը, ապա երկրի տնտեսությունը չի զարգանա, ներդրումներ չեն լինի, լավ չենք ապրի… Նախկին պատգամավորները գնացին, եկավ 80 հոգանոց ֆրակցիա: Էլ ի՞նչ եք ուզում: 2-3 արտադրամասի ժապավեն կտրելով՝ տնտեսություն չեն զարգացնում: Առավոտից գիշեր ասֆալտին փռելու մասին խոսելով՝ ներդրում չեն ապահովում, բիզնեսմենին մի քանի շաբաթով բանտ մտցնելով, միլիարդ վերցնելով (չես էլ իմանում՝ էդ միլիարդն ո՞ւր մտավ՝ բյուջե՞ մտավ, բարեգործական հիմնադրա՞մ մտավ) ու բանտից թողնելով՝ տնտեսություն չեն զարգացնում: Հիմա օլիգարխն ո՞ւմն է: 300-ից ավելի քրեական գործն ո՞ւր է: Դատարան չի հասել՝ չասեն, թե դատավորները չեն դատել:
Հիմա էլ Արցախից մեղքերի քավություն են պահանջում, խոսում են Արցախի հարցի լուծված չլինելու մասին, լուծման չիմացության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա: 30 տարի առաջ լուծումը տրված է:
Բոլորս ականատես եղանք մեկ այլ սարսափելի բանի՝ դավադիրներ, որ ուզում են պատերազմ սկսել, հող տալ ու մեղքը բարդել իշխանությունների վրա: Ներողություն, պատերազմ ո՞վ կարող է սկսել՝ բանակը, սահմանում կանգնած զորամիավորումը, հետևաբար՝ դավադիրն ո՞վ է, բանա՞կը, զինվո՞րը, գեներա՞լը: Ո՞վ էր ապրիլին դավադիր հարձակվում՝ թշնամին: Հիմա իշխանությունները հարձակվող թշնամուն տեղափոխում են Հայաստան»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
Անի Կարապետյան