«Ամենասարսափելին թշնամիների փնտրտուքն է Արցախում. լրջանալու ժամանակն է». Լիլիթ Գալստյանը՝ իշխանություններին
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն Ազատության հրապարակում այսօր ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ հիշեցրեց, որ մեկ տարի առաջ, երբ ժողովուրդը փողոց էր դուրս եկել պաշտպանելու իր իրավունքները` պայքարելու ազատ, արդար ու զարգացող երկրի համար, Դաշնակցությունը ժողովրդի հետ էր՝ համոզված լինելով, որ արդար է փոփոխության պահանջը։
«Ինքներս էինք քննադատում երկրում տիրող քաղաքական մշակույթն ու որակները, տարիներ շարունակ պնդում երկրում համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Իշխանություններն ունեին մեկ տարի՝ իրականացնելու բոլորի կողմից սպասված հեղափոխական փոփոխությունները։
Երկրում օրեցօր մեծանում է թշնամանքի և ատելության մթնոլորտը, որն այլևս սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը»,- իր խոսքում նշեց Լիլիթ Գալստյանը։
Նա նաև հավելեց, որ ամիսներ առաջ, երբ իշխանությունը մարդկանց բաժանեց սևերի և սպիտակների, կարծում էին, թե դա ընդամենը քաղաքական կարճամտություն է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մտածված քաղաքական, ուղղորդվող վարքագիծ է, որը շարունակում է ունենալ իր մերժելի և դատապարտելի դրսևորումները։
«Հեռախոսային, փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, ընդդիմադիրներին՝ բորենիներ, շակալներ և սողուներ անվանելով, և ամենասարսափելին՝ թշնամիների փնտրտուք Արցախում։ Սիրելի երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսը սեփական ժողովրդի բարոյահոգեբանական մթնոլորտն է։ Իշխանություններ, ժողովուրդը ձեզանից բոլորովին այլ սպասելիքներ ուներ, երկիրն ուներ ռեալ խնդիրներ, և մենք ձեզանից լուծումներ էինք ակնկալում։
Լուծումները չկան, քանի որ չկա այն թիմը, որն ունակ է իրագործելու ծրագրեր, նաև՝ հղանալու ծրագրեր։ Այն թիմը, որն այսօր իշխանություն է իրականացնում, ցավոք, լծված է ատելության մոլուցքով, նա պատրաստ չէ լսելու նաև քննադատություններ»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը։
Նա նաև շեշտեց, որ արդեն մեկ տարի է՝ ջարդված է մշակույթի ողնաշարը, որը տեսակ ու ինքնություն կրթելու կարճ ճանապարհն է։
Զվարթ Խաչատրյան