«Երազ եմ տեսել։ Միայն երազ». Ալեքսանդր Ազարյանը՝ իր խորհրդավոր գրառման մասին
Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»:
168.am-ը մեկնաբանություն խնդրեց Ալեքսանդր Ազարյանից՝ արդյո՞ք դրանք ենթադրություններ են կամ փաստեր, ինչին ի պատասխան, նա նկատեց. «Երազ եմ տեսել։ Միայն երազ»։
Դատավորն ուրիշ ոչինչ չհավելեց։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:
Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Զարուհի Դիլանյան