«Գագիկ Ծառուկյանն այն մարդը չի, որ իր ղեկավարած քաղաքական ուժի անդամներին ճնշի՝ արտահայտել կարծիք». Գևորգ Պետրոսյան
ԶԼՄ հրապարակումների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի միջոցով իշխանությունները փորձում են ճնշումներ գործադրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վրա՝ Ֆեյսբուքում նրա սուր հռետորաբանության համար։
Ըստ այդ հրապարակումների՝ տարբեր եղանակներով ներշնչում են ԲՀԿ առաջնորդին, որ Գևորգ Պետրոսյանի պահվածքը մեծ դերակատարում ունի իր և իշխանության հարաբերություններում, և Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, որ Պետրոսյանն այդքան կտրուկ է հանդես գալիս։
168.am-ը զրուցեց Գևորգ Պետրոսյանի հետ, ով նշեց, որ իրենց կուսակցությունում իշխում է բազմակարծությունը, և Գագիկ Ծառուկյանն այն մարդը չի, որ իր ղեկավարած քաղաքական ուժի անդամներին ճնշի՝ արտահայտել կարծիք։
«Մարդկանց արգելված չի երազելու իրավունքը, անվերջ կարող են պատրանքների մեջ ընկնել։ Մեր կուսակցության մեջ նման մոտեցում չկա ընդհանրապես. մեզ մոտ իշխում է բազմակարծությունը, մեկի մյուսի կարծիքը հարգելու սովորությունը։ Հստակ երևում է, որ այդ ինֆորմացիան շրջանառության մեջ դնողներն ինչ-որ բանից անհանգստացած են, տվայտանքների մեջ են և չեն տիրապետում Սահմանադրության էն նորմին, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր արտահայտած կարծիքի համար. իրենք օրենքներն էլ չգիտեն։
Մեր կուսակցությունում հարգում են օրենսդրությունը, և Գագիկ Ծառուկյանն այն մարդը չի, որ իր ղեկավարած քաղաքական ուժի անդամներին ճնշի՝ արտահայտել կարծիք, որը բխում է իրականությունից և չի հակասում մեր երկրի օրենսդրությանը»,- ասաց նա։
Զարուհի Դիլանյան