Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները փակել են բոլոր դռները. Նրանք պահանջում են այսօր ընտրված ռեկտորի հրաժարականը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացավ խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր։ Այն անցավ թեժ մթնոլորտում. ներկա ուսանողներն իրենց մտահոգությունները հայտնեցին նիստի անդամներին՝ միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանի առնչությամբ։
Հիշեցնենք, որ հայտարարված մրցույթի արդյունքում ռեկտորի պաշտոնի թափուր տեղի պահանջներին համապատասխանել է երեք հավակնորդներից միայն բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը, սակայն նրանք չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրությունն ավարտվեց, և 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։
Ուսանողներին չի գոհացրել որոշումը. նրանք փակել են ինստիտուտի մուտքի ու հետնամուտքի դռները և չեն թողնում հանձնաժողովի անդամներին դուրս գալ։ Ինստիտուտից չհաջողվեց դուրս գալ նաև նիստին մասնակցած ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանին ու Նարինե Թուխիկյանին։ Ուսանողները նաև պահանջում են ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի բացատրություն տա։ Ոստիկանները փորձում են միջամտել։
Ուսանողների մոտ իջավ ընտրված ռեկտորը և պարզաբանումներ տվեց. «Ես ընտրվել եմ օրենքի կարգին համապատասխան. Հիմա դուք էսպես եք անում, ես այլևս ձեզ ոչինչ չունեմ ասելու, բացի խոստանալուց՝ Ձեզ հետ ամենաջերմ, ընկերական հարաբերությունները, սրանից ավել ես ձեզ ոչինչ խոստանալ չեմ կարող»։
Ուսանողներից մեկն ասաց, որ պահանջում են նորընտիր ռեկտորի հրաժարականը ու որոշ ժամանակ անց նոր ընտրությունների կազմակերպում: «Կարևոր չի՝ կառավարությունն ինչ է ասում, կարևորը՝ ամբոխն ինչ է ուզում,- ասաց նա՝ հետո ուղղելով իրեն ասաց,- հասարակությունն ինչ է ուզում»։
«Հարցադրումը սխալ է ու վիրավորական: Ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատասխան: Եթե կասկածում եք ընտրությունների լեգիտիմությանը, Դուք դրա իրավունքը չունեք ու փաստ չունեք: Վարչապետի կողմից ընտրված 24 հոգանոց խորհուրդը կատարել է ընտրություն»,- ի պատասխան՝ նկատեց Արզումանյանը՝ հավելելով, որ ինքը պատրաստ է իրենց առաջարկը քննել վարչապետի հետ։ Ապա հիշեցրեց, որ ինքնաբացարկի հնարավորությունը պիտի որոշի նախարարը։
Ուսանողները պահանջեցին հրաժարական բղավոցներով: Ոստիկաններից մեկը պահանջեց ուսանողներին դուռը բաց պահել, իսկ ուսանողները խոստացան դուռը բացել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ինստիտուտ տանող բոլոր դռները փակ են։
Զարուհի Դիլանյան