Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` կազմակերպել է նույն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներից մեկի 25 կմ երկարությամբ և շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրի խողովակաշարի ապամոնտաժումը և յուրացրել ստացված մետաղյա խողովակները:
Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: